«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2011-09-08 | #159, 2011-09-09 | #160, 2011-09-10


ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ ՎՐԴՈՎԵՑՐԵԼ ԷԻՆ ՄԱՄՈՒԼԻ ՈՐՈՇ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Երեկ «Տեսակետ» ակումբում «Մարության ընտանիք» ընկերության համագործակցությամբ մամուլի ասուլիս էր կազմակերպվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վախթանգ Դարչինյանի, Գաբրիել Տոլմաջյանի եւ Ազատ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Վախթանգ Դարչինյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, նշեց, որ վերջապես իրականացավ երազանքը եւ Հայաստանում հաջողվեց չեմպիոնական գոտու համար պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ անցկացնել: Այդ ցանկությունը տարիներ առաջ էր մտահղացել, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ եղավ շատ դժվարություններ հաղթահարել: Վախթանգը դեռեւս 2 ամիս առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է Հայաստանում մենամարտ կազմակերպելու ցանկության մասին: Վերջինիս եւ հովանավորների աջակցությամբ հնարավոր եղավ բռնցքամարտի երեկոն կազմակերպել, որը Վախթանգի կարծիքով ստացվեց: Եվ ի նշան երախտագիտության, Դարչինյանը որոշել էր հաճելի անակնկալ մատուցել երկրի նախագահինՙ միջազգային ֆեդերացիայի թույլտվությամբ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր գոտին մենամարտից հետո նվիրելով Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, բռնցքամարտիկի այդ քայլը որոշ լրատվամիջոցներ այլ կերպ էին մեկնաբանելՙ նշելով, թե դա Վախթանգն մարզադպրոցի համար Երեւանում իրեն անվճար հատկացված տարածքի դիմաց է կատարել: Այդ հրապարակումները վրդովեցրել էին Վախթանգին ու նա ստիպված էր որոշ պարզաբանումներ տալՙ բացելով փակագծերը:

Նախ տարածքի համար ինքը որոշակի գումար է վճարել, բացի այդ էլ զգալի միջոցներ պետք է ծախսի բռնցքամարտի մարզադպրոցի շինարարության համար: Նա նաեւ նշեց, որ չնայած հովանավորների աջակցությանը, բռնցքամարտի երեկոյի կազմակերպման եւ անցկացման համար ինքն անձնական միջոցներից ավելի մեծ գումար է ծախսել: Վախթանգը խոստովանեց, որ կարող էր այդ ամենը չանել եւ մենամարտել ԱՄՆ-ում ու մեծ գումար վաստակելՙ խուսափելով ավելորդ գլխացավանքից:

Անդրադառնալով Էվանս Մբամբայի հետ մենամարտին, Վախթանգը նշեց, որ շատ էր ցանկանում նոկաուտով ավարտել: Երեւի հենց այդ բուռն ցանկությունն էլ խանգարեց մտահղացումն իրականացնել: Բայց մյուս կողմից Դարչինյանն ուրախ է, որ մարզասերները հնարավորություն ունեցան 12-ռաունդանոց մենամարտի ականատեսը դառնալ:

Մբամբայի ընտրությունը պատահական չէր: Դարչինյանի պրոմոութերները միջազգային ֆեդերացիայից խնդրել էին ուժեղ մրցակից ընտրել Վախթանգի համար: Եվ Մբամբան ապացուցեց, որ իրոք լավ բռնցքամարտիկ է: Նա մինչ այդ միայն մեկ պարտություն էր կրել:

Վախթանգ Դարչինյանը դեռեւս մտադիր չէ ավարտել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան: Հնարավոր է, որ կրկին փոխի քաշային իր կարգը, ցանկանում է մենամարտել Մարեսի եւ Նոնիտո Դոների հետ, սակայն վերջիններս հրաժարվում են: Հաջորդ մենամարտը նախատեսվում է դեկտեմբերին, մրցակիցը դեռեւս հայտնի չէ:

Գաբրիել Տոլմաջյանն ու Ազատ Հովհաննիսյանը նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ էր Վախթանգ Դարչինյանի հետ բռնցքամարտի նույն երեկոյի ընթացքում ռինգ դուրս գալը: Երկուսն էլ ուրախ են, որ այդ օրը հաղթեցին մրցակիցներին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին քայլերը կատարող բռնցքամարտիկները հույս ունեն կատարելագործել իրենց վարպետությունը, փորձ ու հմտություն ձեռք բերել եւ ժամանակի ընթացքում իրենք էլ ձեռնոց նետեն ուժեղագույններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4