Վաղը Բուլղարիայի Ալբենա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Տարիքային վեց խմբով (8-18) տարեկաններ անցկացվող պատանիների ու աղջիկների մրցաշարերում ընդհանուր առմամբ հանդես կգան Հայաստանի 31 շախմատիստներ:
Մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարում հաղթողի հավակնորդներից մեկը գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն է, որն իր վարկանիշով (2558) գլխավորում է մասնակիցների ցանկը: Տարիքային այդ խմբում հանդես կգա նաեւ Հայկ Վարդանյանը:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Կարեն Գրիգորյանը վարկանիշով (2473) 3-րդն է: Լավագույն տասնյակում է նաեւ Հովհաննես Գաբուզյանը (2404): Այստեղ հանդես կգա նաեւ Զոհրակ Ապրեսյանը, որը նախորդ ամիս հաղթող էր ճանաչվել Համահայկական խաղերում:
Աղջիկների մրցաշարի հայ մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների առաջնության հաղթող Մարիա Գեւորգյանը (2047):