ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Քսան տարի է անցել այն օրից, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն` սահմանադրորեն ամրագրելով իր սոցիալական, ժողովրդավարական, իրավական լինելն ու ազատ տնտեսություն ունենալու անհրաժեշտություն-հանգամանքը: Սակայն արդյո՞ք այսօր մենք հենց ժողովրդավարական ու ազատ տնտեսություն ունեցող երկիր ենք: Անշուշտ տեսանելի չեն սրա ապացույցները, սակայն եթե մեզանում չհաջողվեց սերմանել ու արմատավորել, աստիճանաբար տիրապետող դարձնել լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, ապա ի՞նչ պատճառով, ո՞ւմ մեղավորությամբ:
Ինչո՞ւ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը տիրապետող չդարձավ Հայաստանում, կամ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության առկա վիճակը մեր երկրում թեմայով երեկ Թեքեյան կենտրոնում Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը կազմակերպել էր քննարկում-բանավեճ: Մասնակցում էին տարբեր լիբերալ-դեմոկրատիզմը դավանող կուսակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, պատմաբաններ, հասարակագետներ, լրագրողներ:
ԱԺ-ում նախկինում ՀՌԱԿ խմբակցության անդամ Լազեր Գալստյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո մասնակիցները սկսեցին քննարկումը: Բացման խոսքում Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ՙ ընդգծելով, որ չնայած 20-ամյա մեր անկախությանըՙ երկրում լիբերալ-դեմոկրատական գաղափարակոսությունը իր արժանի տեղը չի գրավել, ինչպես բազմաթիվ առաջադեմ երկրներում, եւ դիմելով քննարկման մասնակիցներին` ասաց. «Արդյոք մեր պետությո՞ւնը պատրաստ չէր, թե՞ հասարակությունը:
Միգուցե մեզանում լիբերալ-դեմոկրատները «այն մարդիկ» չէի՞ն, կամ Ռամկավար Ազատական կուսակցությունը անհրաժեշտ ուժը չունե՞ր»:
Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ եւ Կանադայի կենտրոնական վարչության համաատենապետ Երվանդ Ազատյանի դիտարկմամբ` երբ հռչակվեց երրորդ հանրապետությունը, իշխող ՀՀՇ կուսակցության հետ կար պայմանավորվածություն, որ ՀՀՇ-ն պետք է լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության կրողը լինի Հայաստանում, Ռամկավար ազատականը` արտերկրում. «Բայց ինչպես տեսանք` այդպես տեղի չունեցավ: Պետության համար կային առաջնահերթություններ, եւ գաղափարախոսությունը մղվեց երկրորդ, երրորդ պլան», ասաց Ազատյանը: Իսկ թե ինչո՞ւ հնարավոր չեղավ Հայաստանում գլխավոր հոսանք դարձնել լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, Ազատյանի խոսքերով, ունի հետեւյալ պատճառները. «Առկա էր սովետական ժամանակներից արմատավորված կենտրոնացյալ տնտեսության գործոնը, հնարավոր չեղավ մեր երկրում ստեղծել միջին դասակարգ, որը հենց լիբերալ-դեմոկրատիայի հիմքն է, չապահովվեց նաեւ տնտեսության բարգավաճում: Երբ մեծամասնությունն աղքատ է` մեծահարուստների համայնապատկերում, չի լինում միջին խավ, սրանից էլ ածանցյալՙ չի կարող լինել լիբերալ-դեմոկրատիա»: Երվանդ Ազատյանը ընդգծեց, որ լիբերալ-դեմոկրատիան գործընթաց է եւ հեղափոխությամբ չի գալիս. «Ճիշտ հակառակը` գաղափարախոսական գործընթացի ծնունդ է», նշեց Ազատյանը:
Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամ, պատմաբան Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ նույնպես մեզանում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության ոչ տիրապետող լինելու պատճառներից է միջին խավի բացակայությունը: Սարգսյանը առանձնացրեց մի քանի գործոն` պատմաքաղաքական, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած ԱՊՀ երկրները չնայած որդեգրեցին ազատ տնտեսություն ունենալու ճանապարհը, «լիբերալ-դեմոկրատիան չկայացավ, քանի որ դեմոկրատիան «կիսատ-պռատ էր»»: Ներքին գործոնը` իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Առաջինը` 1988-ի երկրաշարժը, տնտեսական ճգնաժամը, եւ սուբյեկտիվ` «իշխանությունների ոչ հասու գործողությունները, քրեական հեղափոխությունը, երկրի ունեցվածքի թալանը եւ այլն»: Սարգսյանը մատնանշեց երկրում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության չամրապնդման արտաքին գործոն եւս` «Արցախյան պարտադրված պատերազմ եւ երկրի շրջափակում». «Բացի դրանից` հայոց մեջ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության հիմնադիր Ռամկավար ազատական կուսակցության ներսում խնդիրների պատճառով կուսակցության դիրքերի թուլացումն էլ ազատական գաղափարախոսության չարմատավորման պատճառ կարող է լինել», նշեց Սուրեն Սարգսյանը:
Պատմաբան Արմեն Կարապետյանի դիտարկմամբ` մեզանում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության վարկաբեկման չափանիշները խորքային են. «Ժողովրդի մեջ այսօր տիրապետող կարծիք կա, որ այսօրվա իրավիճակի պատճառը հենց լիբերալ-դեմոկրատիան է, եւ ժողովուրդը տեսնում է, թե դա որքան վատն է», նշեց պատմաբանը: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, «շարունակելով» նախորդ բանախոս Կարապետյանին, նկատեց. «Հայաստանում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը ոչ թե չի ընդունվել, այլ վերցվել է որպես քող». «Ես չգիտեմ Հայաստանում այսօր իշխող մի կուսակցություն, որի գաղափարախոսությունը չի լինի լիբերալ-դեմոկրատական, սակայն, եթե մենք մոնոպոլ տնտեսությունից անցում չանենք դեպի իրոք ազատական տնտեսությունը, այս ամենը ընդամենը կմնա գաղափարախոսություն»:
Գերագույն խորհրդի պատգամավոր, Ճարտարապետական համալսարանի դասախոս Վարդան Պետրոսյանի խոսքերով` «Կառավարող համակարգը պետք է ադեկվատ լինի կառավարվողին». «Երբ դրվում է հակասություն հայերի բարոյական նորմերի ու իշխանության բարոյական նորմերի միջեւ, հայերս դառնում ենք դժվար կառավարելի: Իշխող գաղափարախոսության հիմքում հայի համար կարեւորագույն նորմը արդարությունն է», ընդգծեց Պետրոսյանը:
«Ինչո՞ւ տիրապետող չդարձավ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը Հայաստանում հարցին» Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանի պատասխանը հետեւյալն է. «Որովհետեւ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկածներից ո՞վ գիտեր ի՞նչ է լիբերալիզմը: Բացի սրանից` այսօր հայ ընթերցողին հասանելի չէ լիբերալիզմի վերաբերյալ դասական գրականություն»:
Որ 90-ականներին լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը հասանելի չէր շատերինՙ նշեց նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ եւ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանը: Վերջինս որպես ազատ շուկայական հարաբերությունների առանցք մատնանշեց ազատ գնագոյակցությունը` ընդգծելով, որ այն մեզանում բացակայում է:
Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանի տեսակետով` «Գաղափարախոսության չարմատավորման «գլխավոր մեղավորը» հայ ժողովրդի քաղաքական մշակույթի տկարությունն է»: «Վերջին մի քանի տասնամյակներում հայ ժողովուրդը հանրային կյանքի համակարգ չի ստեղծել ինքնուրույն, այլ ապրել է օսմանյան, ռուսական կայսրություններում»:
«Ոչ թե քաղաքական մշակույթի տկարությունն է պատճառը, այլ քաղաքական մտածելակերպի բացակայությունը հայերիս մեջ», ասաց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: «Խնդիրն այն է, որ մեզանում գրեթե ամեն ոլորտում աշխատում են սիրողական մակարդակով, այնինչ, կարծում եմ, լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը հայ ժողովրդի արյան մեջ է. մենք անհատներ ենք», ասաց Արսենյանը:
«Ժառանգություն»-ից Կարինե Հակոբյանի դիտարկմամբ` լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության մեզանում չարմատավորման պատճառն այն է, որ «անկախության առաջին տարիներից մենք ինքնախաբեությամբ հեռացանք մեր նպատակներից»:
Իսկ ի՞նչ անել ազատական գաղափարախության արմատավորման ու ամենակարեւորը` գործարկման համար:
Սուրեն Սարգսյանի կարծիքով` «Հարկ է այնպես կազմակերպել պետական կառավարումը, որ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության առանցքը` յուրաքանչյուր անհատը ունենա իր ազատությունը հատկապես տնտեսության բնագավառում»:
Խոսրով Հարությունյանը մեկ բառով պատասխանեց այս հարցադրմանը. «Կրթվել, եւ նորից` կրթվել: Այլապես, որեւէ հեղափոխություն` լինի դա արյունով, թե առանց արյուն, այս խնդիրներին լուծում չի տա»:
Լեւոն Շիրինյանը, սակայն, հեռանկար չի տեսնում մեզանում բացառապես լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության արմատավորման մեջ. «Ելնելով մեր աշխարհագրությունից` ես համոզված եմ, որ Հայաստանում, ըստ էության, լիբերալիզմ հնարավոր չի լինի: Մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ պետություն, սակայն դա չի նշանակում, որ չպետք է ծնվեն լիբերալ գաղափարներ: Կարծում եմՙ ճիշտ կլինի Հայաստանի պարագայում ազատականության եւ պահպանողականության սինթեզը»:
Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության անդամ, ատոմագետ Արտյոմ Եղիշյանի խոսքերով. «Անհրաժեշտ է համախմբվել ազգովին եւ մեր երկիրը վերադարձնել հայ ժողովրդին, քանի որ մեզանում լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության չարմատավորման հիմքերը ես տեսնում եմ դրսում: Չմոռանանք մեր աշխարհաքաղաքական դիրքն ու մեծ տերությունների շահերը», ասաց Եղիշյանը:
Եզրափակելով` Հակոբ Ավետիքյանն ընդգծեց, որ քննարկումը կայացավ. «Մեզ հուզող հարցերի պատասխանների որոնման սկզբի առումով սա հաջողված նախաձեռնություն էր», նշեց Ավետիքյանը` հետագա նման քննարկումների հույս հայտնելով: