«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ՀԱՍՏԱՏՎԻ ՍԵՆԱՏՈՒՄ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի երեկոյան հաստատել է ինչպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի, այնպես էլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի թեկնածությունները: Հեֆֆերնի թեկնածության օգտին քվեարկությունը եղել է միաձայն, Ռիկարդոնեին դեմ են քվեարկել Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը եւ Ջիմ Ռիչը:

Ըստ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությանՙ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործնական հանդիպմանը քննարկվել է դեսպանների թեկնածուների ցուցակը, որտեղ էլ սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր հիասթափությունն է արտահայտել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեից` հաշվի առնելով նրա անփույթ պատասխանը Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ:

Սենատոր Մենենդեսը նշել է, որ Ռիկարդոնեի «անընդունելի, սխալ ու անտեղի» պատասխանից երեւում է, որ կամ նա ուշադիր չի ստուգել «այն պատասխանները, որոնք ներկայացվել են իր անունից, կամ, ինչն ավելի վատ է, նա իսկապես տեղյակ չէ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցու պատմության եւ այդ երկրում քրիստոնեական եկեղեցիների խնդիրների մասին: Իր պատասխանը ցույց է տալիս նաեւ, որ նա բավարար կենտրոնացած կամ հետաքրքրված չէ հայ համայնքի խնդիրներով եւ այդպիսով Թուրքիային ապակողմնորոշում է հայկական խնդիրների առաջնայնության հարցում: Մեզ հարկավոր է այնպիսի դեսպան Անկարայում, որը կաջակցի, կպաշտպանի եւ կխոսի ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից: Ցավոք, ես հիասթափվեցի պրն Ռիկարդոնեից եւ կորցրեցի վստահությունս, որ նա ունակ է կատարելու այդ առաջադրանքը. այդ պատճառով չեմ կարող աջակցել նրա թեկնածությանը»:

Ռիկարդոնեն ավելի վաղ նշել էր, թե իբր մինչեւ 1915թ. Թուրքիայում եղած մոտ 2000 եկեղեցիների «մեծ մասը շարունակում է գործել մինչ օրս»:

«Ամերիկայի հայկական համագումարը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կոչ է անում անցկացնել Թուրքիայում հայկական եկեղեցիների եւ նման այլ կրոնական վայրերի ու հուշարձանների ներկա դրության գնահատում: Ըստ դրա օրենսդրություն ձեւավորել, որը կբարձրացնի կրոնական ազատությունների մակարդակը Թուրքիայում, ինչպես նաեւ կպաշտպանի եւ կպահպանի իր քրիստոնեական ժառանգության դեռ պահպանված նմուշները»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամեն դեպքում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանացած դիվանագետների թեկնածությունը պետք է հաստատվի նաեւ Սենատի լիագումար նիստում, այդուհետեւ միայն նրանք կժամանեն դեսպանության երկրներ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4