ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում էր «Քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» եւ մի շարք այլ, թվով` ութ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ օրինագծերը ներկայացնող Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ` փաթեթը նախատեսում է Հայաստանում ներդնել կենսաչափական տվյալներով անձնագրային համակարգ` պայմանավորված Հայաստանում ընթացող բարեփոխումներով եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում ստանձնած պարտավորություններով:
Համակարգի ներդրումն, ըստ Օսիկյանի, կբացառի անձնագրերի կեղծման հնարավորությունը, կկանխի հանցագործություն կատարած անձի տեղաշարժը մի կողմից, մյուս կողմից` կհեշտացնի այլ պետություններ, հատկապես Եվրոպական միության (Շենգենյան խմբավորում) երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը:
«Քաղաքացու անձնագրի մասին» օրենքի նախագծով անձնագիրը էլեկտրոնային պահոց` չիպ է պարունակելու, որի մեջ պարտադիր ներգրավվելու են որոշակի կենսաչափական տվյալներ: Աշխարհում մինչեւ ութ տեսակի կենսաչափական տվյալներ են ընդունված, սակայն առավել տարածվածը երկու տեսակի տվյալի` թվային լուսանկարի եւ մատնահետքերի ամրագրումն է: ԵՄ բոլոր երկրներում համարյա այդ համակարգը ներդրված է, Եվրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացրած պետություններում նույնպես ներդրվում է: Մեր հարեւաններից Վրաստանն է անցել այս համակարգին, ՌԴ-ում 2007 թվականից նորը գործում է հին համակարգին զուգահեռ:
Մատնահետք հանձնելու եւ թվային լուսանկար ունենալու գործողություններն իրականացնելու է լիազոր մարմինը (ոստիկանությունն` ի դեմս անձնագրերի եւ վիզաների վարչության, իսկ ՀՀ-ից դուրս` մեր դիվանագիտական-հյուպատոսական ներկայացուցչությունները), այնուհետեւ այդ տվյալները կպահվեն էլեկտրոնային պահոցում:
Հին նմուշի անձնագրերը մնալու են ուժի մեջ, քաղաքացու ցանկությամբ ժամկետի ավարտից հետո էլ նրան կարող է տրվել հին նմուշի անձնագիր, այսինքն` դեռ որոշակի ժամկետ զուգահեռ գործելու են երկու տեսակի անձնագրերն էլ, սակայն նույնականացման քարտ եւ ճամփորդկան փաստաթուղթ հանդիսացող այս նոր նմուշի անձնագրերից ստանալ ցանկացողները պարտավորված են հանձնել հին նմուշի անձնագիրը:
Նոր անձնագրերն ավելի թանկ կնստեն քաղաքացու վրա, քան գործողները` հաշվի առնելով նրա տեխնիկական բաղադրամասերը, աշխատանքը: Ճիշտ է, սա փաթեթի սահմանումների նյութ չէր, սակայն տեղեկություն փոխանցվեց, որ մի ՊՈԱԿ-ն է շահել նոր համակարգի ներդրման գործընթացի իրականացումը, իր միջոցներով ներդնելու է, իսկ հետագայում, հատուկ ժամանակացույցով, երբ մոտավորապես 60 եվրո արժեցող նոր անձնագրերը սկսեն տալ քաղաքացիներին («վաճառվել» բառն օգտագործվեց), այդ գումարից ՊՈԱԿ-ին փոխհատուցումներ են արվելու:
Նույնականացման քարտը (սա առանձին նախագծով է սահմանվում) իր մեջ կունենա նույն բաները, ինչ-որ կենսաչափական անձնագիրն է ունենալու, սակայն քարտն իր մեջ նաեւ թվային ստորագրություն կունենա, ինչը ապագայում շատ պետք կլինի անձին` հարկային գործարքների, առողջապահական կամ վարորդական համակարգերի հետ գործ ունենալիս. «Պլաստիկ քարտ կամ նույնականացման քարտ ասվածը ֆունկցիոնալ առումով մի շարք փաստաթղթերի կփոխարինի, սա ժամանակկակից աշխարհի պահանջն է, իզուր չէ, որ կոչվում է նոր սերնդի փաստաթուղթ, եւ թե՛ էլեկտրոնային կառավարման, թե՛ փաստաթղթերի պաշտպանվածության առումով ուղղակի իրավունք չունենք հրաժարվելու այս համակարգից», նկատեց Ա. Օսիկյանը: Իսկ այն մտահոգությունները, որոնք ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկման ժամանակ որպես առաջարկներ են հնչել, կընդգրկվեն փաթեթի նախագծերում արդեն երկրորդ ընթերցման ժամանակ:
Ասենք, որ այդ մտահոգությունները երեկ ԱԺ դահլիճում էլ հնչեցին, եւ անգամ հարակից զեկուցող, գլխադասային հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խոսեց դրանց մասին, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը , նկատի ունենալով հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը, առաջարկեց բոլոր ծագող հարցերը մանրամասն շուռումուռ տալ հատուկ այս հարցի մասին կազմակերպվելիք ԱԺ լսումներում:
Մինչ դրանք նշելը ասենք, որ նախգծերից մեկով հանրային ծառայությունների համարանիշ է սահմանվում, որի ընդունման պարագայում ուժը կորցրած կլինի սոցիալական քարտերի վերաբերյալ օրենքը, իսկ սոցիալական քարտի համարանիշն արդեն կտեղադրվի նոր նմուշի անձնագրի մեջ:
Մարդկանց այն խումբը, որը սոցքարտ չուներ` կարող է շարունակել նույն կերպ իր կեցությունը` առանց կենսաչափական տվյալների անձնագրի: Փաթեթը ներդրվելու է 2012 թվականի սկզբին, երեւի փետրվարից: Իսկ մտահոգությունները տարբեր էին, սոցիալական նախ` նոր անձնագիրը բավական թանկ է արժենալու: Ազգության եւ հայրանունի գրանցման խնդիրը անձի ցանկությամբ է լուծվելու, այս առումով Դ. Հարությունյանը, բերելով Ռուսաստանի օրինակը, որտեղ 40 հազար մարդուց ավելի ազգության դիմաց նշել է գոյություն չունեցող ազգի անուն` «էլֆ» կամ «ռոբոտ» (2000 մարդ), առաջարկում էր կառավարության որոշմամբ կարգավորել խնդիրը, բացի այդ, չնայած այս համակարգը պետության եւ անձի անվտանգության ապահովության խնդիր է լուծելու, սակայն չի բացառվում, որ անձնագրերի` ռադիոհաճախականությունների վրա պահպանվող շտեմարանները կարող են վերծանվել հեռավորության վրա: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին այլ հարցերի հետ հատկապես հուզում էր, որ զուգահեռ նոր եւ հին անձնագրերի գոյությունը կարող է առիթ տալ ընտրակեղծիքների համար` ընտրական տարի է հաջորդը: Այս մտահոգությունները թեեւ Օսիկյանը փորձում էր փարատել, սակայն լսումների անհրաժեշտության մասին հարցը մնաց: