ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությանը, Հայաստանում սահմանային անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք ընդգծվել է, որ ԵԱՀԿ-Հայաստան համագործակցությունն անվտանգությանն առնչվող ոլորտներում արդյունավետորեն զարգանում է: Այս համատեքստում առանձնացվել են կիբեռ-անվտանգության, հակաահաբեկչության եւ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտները, որտեղ հայեցակարգերը եւ ռազմավարությունները մշակվել են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների կողմից` ԵԱՀԿ փորձագետների ներգրավվածությամբ:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ԵՄ ֆինանսավորմամբ եւ իրականացնող գործընկեր ՄԱԶԾ-ի աջակցությամբ ընթացող սահմանների համալիր կառավարման ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ավարտվել են Հայաստանի հյուսիսային երեք սահմանային անցակետերի բարեփոխման նախագծահաշվարկային աշխատանքները, մոտ ապագայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների մասնակցության միջազգային մրցույթ, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2012թ. առաջին եռամսյակում:
Ադամ Կոբերացկին նշել է, որ ԵԱՀԿ-ն խիստ կարեւորում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող սահմանների առկայությունը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի համատեքստում: Նա նաեւ տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ն նույնպես պատրաստ է հետագայում ներգրավվել բարեփոխումների գործընթացում` խորհրդատվական աջակցության տեսքով, քանի որ ԵԱՀԿ-ն սահմանների հարցերով խորհրդատուների ամենամեծ բազա ունեցող միջազգային կառույցն է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող քննարկման ընթացքում Արթուր Բաղդասարյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը ամենաարդյունավետն է, քանի որ երկար տարիներ գործընթացում ներգրավված լինելով` խումբն առավելապես տիրապետում է հակամարտության բոլոր նրբերանգներին եւ մանրամասներին, իսկ թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում ազդեցիկ ուժեր համարվող համանախագահող երկրները խորապես շահագրգռված են հիմնախնդրի արագ եւ արդար լուծմամբ:
Արթուր Բաղդասարյանը նաեւ իր մտահոգությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ի հակադրություն բազմիցս հրապարակայնորեն հնչեցված Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշմանՙ բանակցային գործընթացին շարունակում է խոչընդոտել Ադրբեջանի փոփոխական կեցվածքըՙ իրարամերժ դիրքորոշումները եւ նույնիսկ սեփական ժողովրդի մեջ հարեւանի նկատմամբ ատելություն սերմանող ռազմատենչ հայտարարությունները: