Խաղողի մթերումն այս տարի Երեւանի կոնյակի գործարանի պարագայում կլինի ոչ պակաս քան 21 հզ. տոննա` մեկնարկ տալով այսօր Արմավիրի մասնաճյուղից: Մթերվող խաղողի գինը մեկ կիլոգրամի համար, ինչպես եւ նախորդ տարի, Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար սահմանվել է 130 դրամ, իսկ Տավուշի տարածաշրջանում խաղողը կմթերվի 120 դրամով` ելնելով խաղողների շաքարայնության տարբերություններից: Իսկ մթերված խաղողի դիմաց յուրաքանչյուր գյուղացի իր գումարը կստանա առավելագույնը բանկային տասը օրվա ընթացքում:
ԵԿԳ-ի տնօրեն Արա Գրիգորյանի ներկայացմամբՙ 2010-2011թթ. ֆինանսական տարում (որ ԵԿԳ դեպքում հաշվվում է հուլիսից հունիս Ա.Հ.) գործարանը վաճառքների աճ է ունեցել 9,4 տոկոսով, թեեւ ընկերության շահույթը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մոտ 25 տոկոսով: Սա պայմանավորված է որոշ շուկաներում, հատկապես ռուսաստանյան եւ բալթյան, աստղանի կոնյակների գների հարկադիր իջեցմամբ: Գրիգորյանի բացատրությամբՙ այդկերպ հնարավոր է եղել, գնային անկում ունենալով, ապահովել վաճառքի համանման լիտրային մեծություն, քանի որ «գործարանը, ավելի խաղող մթերելով, ոչ մի դատարկ տարա չուներ նոր մթերման համար»:
Նախորդ տարվա 30 հզ. տոննայի փոխարեն այս տարի 21 հզ. տոննա խաղողի մթերումը, միեւնույնն է, 16 հզ. տ-ով ավելին է, քանի որ գործարանին անհրաժեշտ էր միայն 5 հզ. տոննա` «տարին բաց չթողնելու համար»` դատարկ տարա չունենալու պատճառով, բայց սպիրտների հնացման ժամանակ ցնդած մասը կոմպենսացնելու համար: Միեւնույն ժամանակ, ավելին մթերելու համար, ըստ Գրիգորյանի, կան մի շարք ազդակներ, այդ թվում` էժան վաճառված կոնյակի միջոցով դատարկված պահամանները, նոր պահամանների մեջ արվող ներդրումները, Տավուշի նոր արտադրամասը եւ այլն:
Ընդհանուր առմամբ մթերվող խաղողի մոտ 30 տոկոսն ընդունող ԵԿԳ-ն, տնօրենի վկայությամբ, այս տարի էլ խնդիրներ է ունեցել իր իսկ վարկավորած որոշ գյուղացիների հետ, որոնք բնակլիմայական վատ պայմանների պատճառով առանց բերքի են մնացել: Արա Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ բոլոր պարտքերը գործարանը դուրս է գրել իր շահույթից:
Գործարանի ծրագրերից ամենից առաջ տեղեկացնենք, որ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սահմանափակ խմբաքանակով` 10 հզ. շիշ թողարկվելու է «Հայաստան» կոնյակ` պատրաստված 1991-ին մթերված խաղողի սպիրտներից: Այն ԵԿԳ հայաստանյան խանութներում հնարավոր կլինի ձեռք բերել մոտ 55 հզ. դրամով: 2-3 շաբաթից էլ կոնյակի շուկա կվերադառնա լեգենդար, բայց նաեւ նոր «Դվինը»` նոր փաթեթավորմամբ, հատկապես որ վերջին շրջանում ԵԿԳ արտադրանքի նոր փաթեթավորումն ու նոր շշերը, որպես ռեբրենդինգ, արդարացրել են սպասումները:
Նոր շուկաների ուղղությամբ էլ գործարանը աշխատում է, Գրիգորյանի խոսքով, Հնդկաստանից Կանադա, բայց կարեւորագույն խնդիրներից մեկը` տրանսպորտային հարցը, մնում է դժվարությունների շարքում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ