«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԼՈՒՐՋ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ՈՒՆԵՆ

Հնից եկած արտահայտություն կա-երիտասարդները երկրի ապագան են, հենց դա էլ հաշվի առնելովՙ շատ երկրներ իրենց զարգացումն ու հեռանկարը կապում են երիտասարդ սերնդի հետ, նրանց համար ստեղծում ամեն հնարավոր ու անհնարին պայմաններ, օրենքներ ընդունում, որ նրանք իրենց լուման, գիտելիքներն ու կարողությունները, նորամուծությունները ներդնեն հարազատ երկրի զարգացմանն ու առաջընթացին: Կան շատ հայտնի երկրներ, որոնք հրաշալի ու գայթակղիչ պայմաններ են ստեղծում այլ երկրների երիտասարդ մասնագետների համար ու նրանց համար բացում սահմաններըՙ ի շահ իրենց երկրի գիտական ներուժի զարգացման: Եվ հենց այդ «ցանցի» մեջ են ընկել շատ հայ երիտասարդներ մոտ մեկ եւ կես տասնամյակ: Նրանք կրթություն ստանալուց, երկրին ահագնած պատերազմին կամավոր պաշտպանության կանգնելուց հետո, մնացել են առանց աշխատանքի, առանց բնակարանի, առանց պետական հոգածության ու վիրավորված, հուսալքված, հիասթափված նման վերաբերմունքիցՙ թողնում եւ հեռանում են մայր հայրենիքից, իրենց կյանքը դասավորում, օրվա հացը վաստակում օտար երկրներում ու կամաց-կամաց մոռանում հայ լինելու ամեն զգացում, «հեռանում» իրենց արմատներից: Եվ նրանց զավակներն անգամ հայերեն չեն խոսում ու մայր հայրենիք որպես զբոսաշրջիկ են գալիս մի քանի օր, չափչփում փողոցները, զվարճանում սրճարաններում ու գիշերային վայրերում եւ հեռանում մայր հայրենիքիցՙ հանգիստ ու ուրախ կյանք վայելում օտարության մեջ: Գուցե կասեք, թե տեղյակ չեն, որ հայրենի կառավարությունը երիտասարդների համար հիպոթեկով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծել, մի քանիսի համար էլ արտերկրում սովորելու կրթաթոշակ սահմանել, մի քանի մանր-մունր ծրագրեր կազմակերպել, որոնցից սովորաբար օգտվում են ունեւոր խավի «բալիկները», որոնք ոչ դրամի գինը գիտեն եւ ոչ էլ քրտինքով որեւէ գումար են վաստակել: Իսկ եթե 2-3-ը օգտվել են հիպոտեկիցՙ ճարահատյալ, հայտնվել են պարտքերի ծանր բեռի տակ ու տոկոսներից ազատվելու միակ ելքը գտել են հիպոթեկով ձեռք բերած նոր բնակարանը վաճառելով: Ոմանք էլ այդ բնակարանները ծառայեցնում են իբրեւ ժամադրավայր ու մարմնավաճառների «ապաստան» կամ ինչպես ասում ենՙ որջ: Իսկ նրանք, ովքեր արդեն 40 եւ անց են, ընդհանրապես դուրս են մնացել պետության ուշադրությունից: Նրանց մոռացել են այնպես, կարծես թե չէին եղել: Մինչդեռ հենց այդ տարիքի տղաներն էին, որ դեռ 20 տարին չբոլորած կամավոր հայրենիքի պաշտպանությանը կանգնեցին, վիրավորվեցին ու կրկին մեկնեցին Արցախՙ գիտակցելով երկրի գլխին կախված վտանգը եւ մինչեւ վերջին օրըՙ զինադադարի կնքելը ու նաեւ հետո, իրենց պարտքը կատարեցին հայրենիքի հանդեպ: Մինչդեռ հենց այդ օրերին իրենց տարեկիցներից շատերը, մի-մի սեղանիկ դրեցին փողոցում, առեւտրով զբաղվեցին, փախան ծառայությունից ու հիմա ամեն մեկը մի «Համեր», «Ջիպ» եւ էլի շատ թանկարժեք մեքենաներով, պարապ-սարապ փողոցներն է չափում, աջ ու ձախ փողեր շաղ տալիս ու ռազբորկաներ անումՙ մեր քաղաքը վերածելով սեփական տարածքների, որտեղ հասարակ մարդիկ մուտք չունեն: Եվ այսպես օր-օրի «վենդետան» դառնում է սովորական երեւույթ, անպատժելիությունը` հենց այդպիսիների համար ընդունված կարգ: Այդպիսիները իրենց թաղային հեղինակություն ու «լավ տղա» համարելովՙ բարբաջում ենՙ «մեր դեմ խաղ չկա...»: Իսկ Աստված մի արասցե, եթե կրկին պատերազմ սպառնա մեր երկրին, Արցախ աշխարհին, այդպիսիներն առաջինը նավից փախչող առնետների պես ժամ առաջ «կթռնեն» երկրից, որովհետեւ վախկոտ ու դավաճան լակոտներ են, որոնք միայն իրար վրա զենք բանեցնելուն են սովոր, իսկ թշնամուց 1000 կմ հեռու կփախչեն: Պատիվ չի բերում «լավ տղերքին» զոհվել հանուն հայրենիքի. նրանք գերադասում են փողոցային կռվից ու գնդակից զոհվել, որ հետո «լավ տղա» անուն թողնեն:


Այս ամենը, ինչը ներկայացնում եմՙ իմ զրույցների արդյունքներն են երիտասարդների հետ: Երեք տասնյակից ավելի երիտասարդներՙ ամեն մեկը իր ցավով, դարդով, իր հաճույքներով ու երազանքներով, իրար նման էին միայն մի հարցումՙ ամենքի մոտ դրամն էր գլխավորը ու հենց դրամի հետ էլ կապում էին իրենց անհաջողությունն ու հաջողությունը: Պարզապես բերեմ մի քանի օրինակ:

Երիտասարդ ընտանիքը, որը 2 զավակ ունի, արդեն 10 տարի է ապրում է վարձակալած բնակարանում ու հասցրել է 4 անգամ բնակատեղին փոխելՙ էժան գնով բնակարան գտնելով: Տղան 39 տարեկան է, կինըՙ 36 եւ նրանք, որքան էլ որ երազում են սեփական անկյունը ունենալ, զավակների թիվը ավելացնել, հնարավոր չէ: «18 տարեկան էի, երբ կամավոր մեկնեցի Արցախՙ հայրենի հողը պաշտպանելու: Թեեւ ոտքիցս վիրավորվեցի, սակայն մարտի դաշտը չլքեցի: Քիմիական ֆակուլտետի վերջին կուրսից մեկնեցի, իսկ երբ տուն եկա, ընտանիք կազմեցի ինձ սպասող աղջկա հետ: Քանի որ ծնողներիս մեկ սենյականոց բնակարանում առաջնեկիս ծնվելուց հետո նեղվածք էր, ստիպված բնակարան վարձեցինք: Ես չկարողացա ուսումս շարունակել ու ավարտել, սկսեցի աշխատել գիշերային պահակ, ադմինիստրատոր, որ գոնե օրվա հացի կարոտ չլինենք: Սակայն, երբ հայրս մահացավ, թոշակառու մայրս ու եղբայրս ավելի օգնության կարիք ունեին ու մեր ընտանիքին չէին կարող օգնել: Շատ ուրախացանք, որ կառավարությունը հիպոթեկով բնակարան գնելու հնարավորություն է ստեղծել երիտասարդ ընտանիքների համար, բայց երբ ծանոթացանք մանրամասներին, խորը ցավ ապրեցինք, որ մենք չենք կարող օգտվել այդ հնարավորությունից, քանի որ օրենքում հստակ նշված է մինչեւ 35 տարեկան, կամ ամուսինների տարիքի գումարըՙ 60, չպետք է գերազանցի: Ո՞ւր մնաց արդարությունը, չէ՞ որ մինչեւ 35 տարեկանները 20 տարի առաջ փողոցում գնդակ էին տշում, երբ ես ու իմ տարեկիցները մեր կյանքը վտանգի էինք ենթարկում, որ նրանք խաղաղ ապրեն: Եվ ի՞նչ է ստացվում, ով մեր երկրի համար պատրաստ է կյանքը վտանգելՙ արհամարված է հարազատ երկրի ղեկավարության ու կառավարության կողմից, իսկ ովքեր անգամ դպրոցում դասերը չեն սովորել, կամ մամայի, պապայի, քեռիների փողերով ատեստատ ու դիպլոմ են առել, աշխատում են իրենց «յուղոտ ու փողոտ» տեղերում, կազինոներում ու գիշերային սրահներում մեկ օրվա ընթացքում մի բնակարանի գումար տարվում, որի կարիքը իմ ընտանիքը շատ ունի, ու այդ ամենը իմ աչքի առաջ, որտեղ ես գիշերային պահակ եմ աշխատում եւ ընդամենը 60.000 դրամ վաստակում: Դե ասեք, ո՞նց մնամ այս երկրում, որտեղ մեր նմաններին չեն նկատում, կամ էլ շատ լավ նկատում են ու իրենց «կույր են» ձեւացնում: Միակ ելքը գնալն է, միակ լուծումըՙ ճիշտ: Մենք էլ ենք ուզում մարդավայել ապրել, առանց վիրավորանքի ու նվաստացման, որը ամեն քայլափոխի մեզ հետապնդում է: Այս վիճակից միակ ելքըՙ օր առաջ գնալն է օտար երկիր, որտեղ աշխատանք ու ապրուստ կա: Այլեւս հայրենիք, հայրենասիրություն ասվածը կրում է ձեւական բնույթ ու պատմության գիրկն անցել: Թող մնան այս երկիրը քանդող ու գռփողները եւ տեսնենք, թե ինչպես են առաջ գնալու իրենց ամպագոռգոռ ծրագրերովՙ «Հայրենադարձություն», «Արի տուն» եւ այլն: Մինչդեռ այդ ծրագրերի համար նախատեսված ֆինանսները գոնե ծախսեն երկրում դեռ մնացած երիտասարդ ընտանիքներին օգնելու, աջակցելու ուղղությամբ, այլ ոչ թե գնացածներին բերեն, ապահովեն, որոնք, միեւնույն է, էլի կգնան: Թե ինչ քաղաքականություն են վարումՙ պարզ է բոլորին եւ նրանց, ովքեր հանգիստ խղճով հեռանում են մայր հայրենիքից: Ո՞վ է տեսել հաղթանակած երկրից թողնեն ու գնան: Այ, սա է հանելուկը»:

Ահա այսպես վրդովված երիտասարդ ընտանիքը շուկայում վաճառում էր իր տարիների քրտինքով ձեռք բերած կահ-կարասինՙ ինքնաթիռի տոմս գնելու համար, որ երկրից օր առաջ հեռանան:

Եվս մեկ հարցազրույց երիտասարդ տղայի, որը 27 տարեկան է, իր 20-ամյա սեւաչյա հայուհու հետ: «Մենք կյանքը վայելում ենք դիսկոտեկներում, կաֆեներում ու փարթիներում: Շաբաթը 5 օր ջրաշխարհ ենք գնում, իսկ շաբաթ-կիրակի օրերին վայելում ենք չքնաղ Սեւանի ալիքները: Քանի երիտասարդ ենք, կյանքի բոլոր հաճույքներից կօգտվենք: Ընտանիք, երեխա, սկեսուր, դա մեր համար չէ, դա հետամնացների կյանքի ուղին է, իսկ մերըՙ վայելք, վայելք ու էլի շատ ճոխություններ: Դե դուք ի՞նչ գիտեք կյանքի հաճույքը ո՞րն է: Կյանքներդ քարշ եք տալիս ու ասում եքՙ ապրում եք: Արի մեր դրամապանակները բացենք եւ տեսնենք, թե ով շատ փող ունի եւ ի՞նչ է կյանքը: Դե գնա ու մտածի, մեր ժամանակն է, մեր իշխանությունը, ով կարա մեզ բան ասի, հլա թող փորձի, մեծ կտորը ականջը կթողնենք»:

Ահա այսպես ինձ էլ վիրավորեցին երիտասարդներըՙ հաշվի չառնելով, որ իրենց ծնողների տարիքին եմ: Հետո մտածեցի, որ իրենք իրենց ծնողներին էլ են վիրավորում ու դաստիարակությունից զուրկ են, կամ էլ տգետ ու հիմար:

Մտահոգ քայլում էի պուրակով, երբ նկատեցի երկու երիտասարդ աղջիկների: Մոտեցա, զրուցեցի հետները ու շատ վշտացա, որ 36, 38 տարեկան հայուհիները երազում են ամուսնանալ, ընտանիք կազմել եւ զավակ ունենալ, սակայն իրենց վրա ուշադրություն դարձնող չկա, արհամարհված են:

«Սիրած տղա ունեի, նա զոհվեց Արցախում, ընդամենը 24 տարեկան էր: Որոշել էինք ամուսնանալ...: Շատ ծանր տարա համակուրսեցուս եւ իմ սիրեցյալի կորուստը: Անցել է 16 տարի, եւ ես ընկեր չեմ կարողանում գտնել: Այժմ տղաները ընկերուհիներ են ընտրում 14-26 տարեկանների շրջապատում, ժամանակ անցկացնում ու լքում նրանց: Այսպես էլ մնացել ենք միայնակ, ու մայրանալու երազանքը տարեցտարի ի չիք է դառնում: Իսկ եթե պետությունը մեր մասին մտածեր, բնակարանի համար հերթագրեր, անպայման մանկատնից երեխա կորդեգրեի ու մայրություն կանեի: Իմ տարեկիցները ոչնչով մեղավոր չեն, որ իրենց համապատասխան երիտասարդները զոհվեցին արցախյան պատերազմում, ու ընտանիք կազմելու երազանքը, մայրանալու գերագույն հաճույքը չեն կարող վայելել, նրանք անօգնական են, արհամարհված, քանի որ անգամ աշխատանքի վերցնում են 18-24 տարեկաններինՙ «աշխատանքային փորձով»: Իհարկե, այս փորձառությունը մենք չունենք եւ իրենց ուզածին համապատասխան չենք»: Այսպես սիրտը բացեց սիրունատես հայուհին: Իսկ նրա ընկերուհին, որին դաժան ճակատագիր էր բաժին ընկելՙ պատմեց. «Ես վստահեցի իմ կուրսեցուն, որը վարսավիրանոց ուներ Երեւանում ու ինձ առաջարկեց աշխատել իր մոտ: 6 ամիս անց առաջարկեց 1 ամսով մի քանի վարսավիրների հետ մեկնել մրցույթիՙ Դուբայ: Երբ տեղ հասանք, պարզվեց, որ նա մեզ վաճառել է արաբներին, որոնք մեզ «օգտագործում» էին սեռական շահագործման նպատակով: Ես հրաշքով միայն փրկվեցի նրանց ճիրաններից. ծնողներիս պահանջից ու պարտադրանքից հետո ինձ վերադարձրին Երեւանՙ 20.000 դոլարի դիմաց, իսկ համակուրսեցիս մնաց Դուբայում: Երեւանում ես պարզեցի, որ վարակիչ հիվանդություն եմ ձեռք բերել ու երբեք չեմ կարող մայրանալ: Ահա այսպես կյանքս խորտակվեց: Իսկ եթե իմ հարազատ քաղաքում բուհ ավարտողին դիպլոմի հետ աշխատանքի տեղավորման ուղեգիր տային, նման փորձանքներից զերծ կմնային շատերը», հուզված պատմում էր ու հիշում դաժան օրերն ու ամիսները, ու արցունքները գլուր-գլուր հոսում էին աչքերից:

Չձանձրացնելով ընթերցողինՙ ներկայացնեմ եւս մի հարցազրույց, որի թեման այսօր դարձել է լուրջ մտահոգության առիթ: Զրուցակիցս ԵՊՀ-ի 4-րդ կուրսի ուսանող էր, որը թեւանցուկ քայլում էր մի ուրիշ տղայի հետ համալսարանի այգում: Նստարանին մոտեցան, նստեցին, սկսեցին գրկախառնվել ու համբուրվել: Մոտեցա, նստեցի նրանց կողքին, սակայն ոչ մի ռեակցիա, կարծես չկամ, ու շարունակեցին գգվել միմյանց: Շատ նրբորեն փորձեցի զրուցել, ու իմ մի քանի հարցերի պատասխաններ ինձ պարզապես կաթվածահար արեցին: «Մենք ժամանակակից երիտասարդ ենք: Տեղյակ չե՞ք, որ մենք մեր ակումբն ունենք Երեւանում ու որոշել ենք հենց այսպես էլ ապրել: Աղջիկների հետ չենք ընկերանում, որովհետեւ շատ ծախս է պահանջում: Ընտանիք, երեխա, լաց, նվվոց, պահանջներ, դա մեզ համար չի: Իսկ էսպես մենք մեր հաճույքը վայելում ենք, որ երկիրը ուզենքՙ ազատ մուտք կունենանքՙ որպես գեյերի ակումբի անդամ: Մեր բուհում արդեն 200 տղա մեր ակումբի անդամ է դարձել, ու օր-օրի ակումբը ընդարձակվում է ու մեզ էլ լավ վճարում են անդամակցելու համար: Բավարարվա՞ծ ես, այ կնիկ, դե գնա, մի խանգարի մեզ...»:

Ամառվա տապից մի փոքր զովանալու համար երեկոյան թոռնիկիս հետ գնացինք քաղաքապետարանի մոտ գտնվող մանկական այգի: Զբոսնեցինք, գրեթե բոլոր կարուսելները նստելուց հետո, նստեցինք այգու սրճարանում պաղպաղակ ուտելու: Հանկարծ աչքս ընկավ կից սեղանի մոտ նստած զույգի վրա: Ամառվա տապին այդքան կոսմետիկայով, կեղծ ծամով օրիորդները, ներեցեքՙ տղաները, որոնք կանացի կերպարանք էին ընդունել, սպասում էին իրենց հետ ժամադրված տղամարդկանց: Քիչ անց կերած-խմած մեծ փորով մի տղամարդ մոտեցավ, գրկախառնվեց ու տարավ մեկին: Ես մոտեցա ու խնդրեցի ինձ հետաքրքրող հարցերին պատասխանել: Զարմանալի էր, որ համաձայնվեց ու խոսեց առանց չեմուչումի: «Ես ընդամենը 7 տարեկան էի, երբ հայրս ինձ բռնաբարեց, եւ այդ երեւույթը շարունակվում էր անընդհատ: Իսկ երբ 14 տարեկան դարձա, ամեն մութն ընկնելուն պես վախով էի սպասում, թե հայրս ինչպես է ինձ տանջելու: Եվ հասկացա, որ ես ինձ չեմ կարող պաշտպանել եւ այդ օրվանից սկսեցի քրոջս շորերը, կոսմետիկան հագնել, փորձել: Օրերից մի օր հայրս ինձ ծանոթացրեց իմ պես մի տղայի հետ, որը հորս հերթական զոհն էր: Եվ ես այդ օրվանիցՙ արդեն 12 տարի, ցերեկները Արմենչիկ եմ, իսկ երեկոներըՙ Հասիկո: Մեր հավաքատեղին այս այգին է եւ մեր տեղը շատերը գիտեն: Մեր մեկ ժամը 500 դոլար է: Ամեն տեսակ հաճախորդ ունենքՙ վերնախավից մինչեւ մեր տարեկիցներ: Հա, սրճարանի տիրոջը լավ էլ նայում ենք: Իհարկե, մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ մեզ տանում են, հետո ծեծում, բայց մեզ հովանավորողները պինդ տղերք են ու նրանց գտնում, հարցերը լուծում են: «Ահա այսպես էլ ապրում ենք մեր քաղաքում» երգը հիշո՞ւմ եք, լավ, չմանրանամ, գնա, իմ ընկերը հիմա կգա ու կխանդի, որ կնոջ հետ եմ խոսում...»:

Շատ դառը հետքեր թողեցին այս պատմությունները, որոնք կատարվում են մեր աչքի առաջ, մանկական այգում, քաղաքապետարանի հարեւանությամբ ու նաեւ իրավապահների թողտվությամբ: Ցավալի ու վիրավորական է, որ հարազատ երկրում հենց այսպես էլ ապրում են խեղաթյուրված ճակատագրերով, արհամարհված ու լքված երիտասարդներ, որոնց օգնելն ու աջակցելը պետության առաջնահերթ հարցը պետք է լինի, եթե չեն ուզում, որ արտագաղթն ավելի ընդլայնվի, գենոֆոնդը խեղաթյուրվի, ու Հայաստանը դառնա օտարների երկիր... օտարների զբոսավայր...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4