«Ազգ» -ը մի քանի անգամ անդրադարձել է Երեւանի շենքերի ճակատային մասերի գունաներկման, պատշգամբների վերանորոգման, շենքերի լվացման ու մաքրման աշխատանքներին, որը նախաձեռնել է քաղաքապետարանը: Մենք անդրադարձել ենք եւ դրական, եւ բացասական կարծիքներին, որոնք հնչեցրել են ճարտարապետերը, մտավորականները եւ մեր քաղաքացիները: Խոսքը գունային տարբեր երանգներով, նախագծերը կոպիտ խախտումներով ներկված, երբեմն 3-4 գույնով, ու թարմացված շենքերին է վերաբերում: Սակայն այդ ահազանգին չարձագանքեցին քաղաքապետարանից ու մինչեւ այժմ, ոչ մի շենքի գույն չի փոխվել: Մնում է մտածել ու եզրակացնել, որ մասնագետների ու ճարտարապետերի կարծիքը նշանակություն չունի...
Եվ ահա, մեկ այլ նորույթ մեր քաղաքում: Մի խումբ արվեստագետներ, ճարտարապետեր, ձեռներեցներ հավաքվեցին, քննարկեցին ու որոշեցին մեր մայրաքաղաքի անշուք շենքերի պատերը նոր տեսքի բերեն, նոր գույն ու շունչ հաղորդեն Երեւանի ճարտարապետական եւ գեղագիտական դեմքին: Հստակ մշակված ծրագրի խորագիրն է «Ժպտա Երեւան», որն իր առջեւ խնդիր է դնում Երեւանում ստեղծել հանգստի եւ ժամանցի արժանավայել պայմաններ երեխաների եւ տարեց մարդկանց համար, քաղաքը դարձնել գրավիչ զբոսաշրջիկների եւ բնակիչների համար: Այդ ծրագիրն հավանության է արժանացել քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու ճարտարապետական խմբի մոտ, որոնք էլ աջակցել են ծրագրի 1-ին փուլի օրինականացմանըՙ քաղաքի շուրջ 400 շինությունների դատարկ, տգեղ եւ տեսանելի պատերին հայ ճանաչված նկարիչների ստեղծագործությունների հիման վրա ստեղծել մոզաիկ պաննոներ, նոր ձեւ, ճաշակ, գույն եւ մոտեցում պարունակող ծաղկամանների, նստարանների, աղբամանների, խաղահրապարակների ստեղծման միջոցով:
Անդրանիկՙ «Մեր բակը» կտավի մոզաիկ պաննոյի, որի հեղինակն է Մարտիրոս Սարյանը, բացման արարողությանը երեկ ներկա էին Երեւան քաղաքի նշանավոր դեմքեր, արվեստագետներ, ճարտարապետներ եւ պետական այրեր: Հանդիսությունը բացեց Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը : Ելույթներ ունեցան գրող Արտեմ Հարությունյանը եւ ուրիշներ, որոնք միանշանակ գովաբանում էին «Ժպտա Երեւան» ծրագրի մեկնարկը հատկապես մեծ վարպետի «Մեր բակը» կտավով: «Մեր ժողովրդին վերադարձնում ենք մեր մեծերի հանճարեղ գործերը, որոնք մոռացության են մատնվել», նշեց պրն Իգիթյանը ու շնորհավորեց երեւանցիներին: Սարյանի ընտանիքի անունից խոսք ասաց Սոֆյա Սարյանը ու ողջունեց ծրագրի իրականացումը: «Շատ խորհրդանշական է, որ ծրագիրը բացվում է Սարյանի պաննոյով, քանի որ նա այն նկարիչն էր, որ բերեց ժպիտ, բերեց ուրախություն մեր ազգային մշակույթ, հայ գեղանկարչություն», ասաց Սոֆյան: Պաննոյում պատկերված են մեր ազգի դարավոր խորհրդանիշերըՙ սեւ ցուլը-հայ ժողովրդի, հողագործի խորհրդանիշն է, նռան թուփը, հայկական հին բակն իր պատշգամբով եւ հայուհինՙ կուժը ուսին աղբյուրից ջուր է բերում: Այս ծրագրով, փաստորեն, եւս մեկ փորձ է վերադառնալ մեր արմատներին, մեր մեծերին, ճանաչելի դարձնել նրանց գլուխգործոցները:
«Ազգ» -ը զրուցեց նկարիչ Արմեն Աթունյանի հետ, որը միաժամանակ եղել է նաեւ աշխատանքային խմբի գեղարվեստական բաժնի պատասխանատուն: Նա նշեց, որ Մոսկովյան 36 շենքի ամբողջ պատը եղել է ահավոր վթարային եւ այն փրկելու համար նախ ամրացվել ու հետո միայն պատի ողջ երկայնքովՙ 8,5x13 մետր մոտ 115 քմ հավաքվել է ջնարակված մոզաիկան: Այդ աշխատանքներին մասնակցել են Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի սաները եւ ուսումնական պրակտիկայի գործուղված ուսանողները: Իսկ մոզաիկաները մոտ 95 տոկոս Սարյանի գույները պահպանելով, իրականացվել են տարածաշրջանում միակ ձեռքով պատրաստվող սալիկների «Մանեթայլզ» գործարանում: Մեր երկրում առաջին մոնումենտալ նմանատիպ աշխատանքի համար դիմել են Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանին եւ ստացել հավանություն Մարտիրոս Սարյանի «Մեր բակը» (1923 թ.) կտավը վերածելու մոզաիկ պաննոյի:
«Առաջիկա օրերին կավարտվեն Ամիրյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի շենքի մոզաիկ պատի բացումըՙ հեղ. քանդակագործ Դավիթ Մինասյան, Տպագրիչների եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում գտնվող շենքի կենզոդիզայն ոճով արված պաննոների բացումը: Ծրագիրը բաց է բոլոր արվեստագետների եւ ճարտարապետների մասնակցության համար: Որոշ շենքերի ձեւավորման համար կհայտարարվի բաց մրցույթ», տեղեկացրին ծրագրի համակարգողները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ