Երեկ Համազգային թատրոնում տեղի ունեցավ ասուլիս, նվիրված թատրոնի թատերական գործունեության 20 ամյակին, որը մինչեւ հիմա գոյատեւել է առանց սեփական շենքի: Բանախոսներն էին` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը եւ տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Թատրոնի տնօրենը խոսելով տանիքի բացակայության մասին ասաց. «Հարուստ կառույցները կարծում են, որ իրենք աջակցելով մշակութային օջախներին` ողորմություն են տալիս: Կարծում եմ, որ մշակութային ոչ մի օջախ դրա կարիքը չունի, այլ ունի իր ազդեցությունը հասարակության կայացման գործում եւ մենք ուղղակի զգում ենք այն մարդկանց կարիքը, որոնք կիսում են մեր գաղափարները: Համազգային թատրոնն իր գործունեությունը ծավալում է Թատերական ինստիտուտի շենքում, եւ այս հարցը շատ է շահարկվումՙ «մարդիկ են եւ շենք են ուզում»: Յուրաքանչյուր արվեստագետ նվիրվելով իր գործին, աշխատում է իր անվան եւ իր ժողովրդի համար: Շատ կարեւոր է, որ այդ արվեստագետները ունենան իրենց տանիքը: Թատրոնն ունի տաղանդավոր երիտասարդներ, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրել թատրոնին եւ մենք այդ շենքը խնդրում ենք այն սերնդի համար, որը կա Համազգային թատրոնում: Շենքի առկայության դեպքում մենք կարող ենք ավելի մեծ թատերական նախագծեր իրականացնել»:
«Ազգ» -ի այն հարցին, թե Համազգային թատրոնը իր խաղացանկում ինչպիսի ավանդույթներ է ձեւավորել, Սոս Սարգսյանն ասաց. «Մեր խնդիրը ազգային ներկայացումներ բեմադրելն է, հայկական թատրոն մնալը, քանի որ մենք համազգային թատրոն ենք: Մենք փորձում ենք պահպանել ավանդույթները` հայ դերասանի կատարման ոճում: Մենք պահպանում ենք մոտեցումները արվեստի նկատմամբ, դրամատուրգիայի, կյանքի»:
Պետական Համազգային թատրոնը իր թատերաշրջանը սկսում է պրեմիերաներով` սեպտեմբերի 15-ին «Սեյլ» ներկայացումը, որի բեմադրող ռեժիսորն է Վիգեն Ստեփանյանը, հոկտեմբերի 1-ին Կլոդ Մանիեի «Բլեզը»` ռեժիսոր Հրաչյա Գասպարյան: Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 1-ից կգործի թատրոնի կայքը` www.sos theatre.am:
Գրանդ Քենդի ընկերության աջակցությամբ կբեմադրվի նոր ներկայացում, որը կբեմադրի Սոս Սարգսյանը, -ասաց Վարդան Մկրտչյանը եւ հավելեց, որ մի շարք կազմակերպությունների հետ համատեղ կբեմադրվի ֆրանսիացի գրող Սեդե Ֆետչեի «Ժառանգները» պիեսը, որն արդեն գնվել է Փարիզի Ակվարիում թատրոնից:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ