«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


ՍԵՎԱՆ ՆԻԿՈԼԶԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԻԵՍԸՙ ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ

Հառաջիկա սեպտեմբերի 18-ին Ֆորտ Մեյսոն կենտրոնի «Սաութ Սայդ թեատրում» (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) կայանալու է հայկական-դոմինիկյան-բասկյան արմատներով դրամատուրգՙ Ադրիանա Սեւան Նիկոլզի «Գիշերն է իջնում Երզնկայի վրա» պիեսի պրեմիերան, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Ազգ»-ը հուլիսի 30-ի իր «Մշակույթ» հավելվածում արդեն գրել էր այդ պիեսի նախնական ընթերցանությունների մասին, որոնցից վերջինը կայացել էր Մանհաթենի «Լարք պլեյ» Զարգացման կենտրոնում անցյալ հունիսի 7-12-ը: Այս անգամ պիեսը ներկայացնում է «Գոլդեն Թրեդ (ոսկե թել) պրոդաքշն» թատերական ընկերությունը, որն ստեղծվել է 1996-ին Թորանժ Եղիազարյանի նախաձեռնությամբՙ խրախուսելու համար մերձավոր-արեւելյան ծագում ունեցող ամերիկացի դրամատուրգների ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու գործընթացը: Պիեսի ռեժիսորն է Հաֆիզ Քարմալին, որն արդեն մի քանի տարի համագործակցում է Եղիազարյանի հետ: «Ռի օրիենտ» փառատոնի շրջանակներում 2009-ին ներկայացրել է Եղիազարյանի «Ապագա» եւ Յուսուֆ Էլ-Գինդիի «Ամուսնության առաջարկ» եւ «Վերաքննություն» պիեսները: Նախքան «Գոլդեն թրեդի» հետ աշխատակցելը Քարմալին դասախոս է եղել Հարվարդի համալսարանում, պիեսներ բեմադրել Լոնդոնում եւ «Ամերիկյան խաղացանկային թատրոնում» աջակցել ճանաչված ռեժիսորներ Ռոբերտ Ուիլսոնին եւ Անդրեյ Սերբանին:

Պիեսի հեղինակ Սեւան Նիկոլզը մրցանակների արժանացած դրամատուրգ եւ դերասան է: Փորձառություն է ձեռք բերել աշխատելով «Սանդենս թեատր լեբում», «Սաութ քոուսթ ռեպերտորի», «Մարկ թեյպր ֆորում», «Գուդման», «Լ. Ա. թեատր ուորքս», «Ֆաունթին», «Լարք» եւ այլ թատերախմբերի հետ: Պապըՙ Արտավազդ Օղիդանյանն է եղել, որի մահից հետո, 8 տարեկան Սեւանը կորցրել է կապը հայկական իրականության հետ եւ ընկել դոմինիկյան համայնքի շրջապատը:

«Սա Մ. Նահանգներ ներգաղթյալների փորձառության յուրահատուկ մի պատմություն է: Նաեւ հոգեւոր արժեքների պահպանման պատմություն: Արտավազդն ու Ալիսը (պիեսի գլխավոր գործող անձինք) Մ. Նահանգներ են գալիս նոր կյանք սկսելու 1915-ի Եղեռնից հետո, բայց անցյալը, անցյալի մղձավանջները ամենատարբեր ձեւերով հետապնդում են նրանց: Հերոսուհին էթնիկապես երկու տարբեր միջավայրերում (Դոմինիկյան եւ Բասկյան) ընտանիք կազմելով եւ կորցնելով, բայց երբեք չհուսալքվելով ի վերջո տատիկի միջոցով բացահայտում է ինքնությունը եւ վերադառնում դեպի իր հայկական արմատները:

Պիեսի լեզուն պոետիկ է, երբեմն կոմիկական, երբեմն էլ խորհրդանշական: Հոգեկան ապրումներն ու առօրյա հոգսերը տեղ-տեղ միահյուսված են դարձնելով պատմությունը էլ ավելի հետաքրքական եւ հուզիչ», գրում է «Միրոր սփեքթեյթր» թերթը:

Ավելացնենք, որ հեղինակի պապն ու տատը Մ. Նահանգներ են գաղթել Երզնկայից եւ Շապին Գարահիսարից:

«Պիեսը միջոց էր ինձ համար «տուն վերադառնալու», գտնելու իմ հարազատների պատմությունը, որը մինչեւ որոշ ժամանակ անհայտ էր ինձ: Որպես գրող պարտք զգացի պատմել այդ ամենի մասին, որովհետեւ մենք բոլորս ճանապարհորդներ ենք այս աշխարհում եւ պետք է փորձենք «հարստացնել» միմյանց, էլ ավելի մոտենալ ու հասկանալ իրար», նշել է պրեմիերայի առթիվ Սեւան Նիկոլզը:

Պիեսի երաժշտությունը գրել է բուլղարացի կոմպոզիտոր Պենկա Կունեւան: Ներկայացումները տեւելու են մինչեւ հոկտեմբերի 9-ը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4