«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2011-09-13 | #162, 2011-09-14 | #163, 2011-09-15


«ՀՈՒՅՍԸ ԶՈՐԱՎԻԳ» ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանադահայ գրող Մոնա Մարիան Մարիկյանի «Հույսը զորավիգ» գրքի շնորհանդեսը:

Հիմնվելով պատահաբար գտած հոր օրագրի, ինչպես նաեւ իր ու ընտանիքի անդամների հիշողությունների վրա` Մոնա-Մարիան Մարիկյանը պատմում է ծնողների աներեւակայելի ոդիսականը: Վավերագրությունն արտացոլում է այն սփյուռքհայերի առօրյան, ովքեր 1948-ին, կոմունիստական վարչակարգի օրոք, ներգաղթեցին Սովետական Հայաստան:

Չնայած կրած տառապանքներին, զրկանքներին ու հալածանքներին, անգամ սիբիրյան աքսորին` հայրենադարձները կամքով ու համառությամբ հաղթահարեցին դժվարությունները: Կոմունիստական հայրենիքը նրանց համար կյանքի «համալսարան» դարձավ:

«Նման գրքերը հերթական անգամ ցույց են տալիս մեր ժողովրդի դառը պատմությունը, բայց հույս եւ հավատ ներշնչում, որ ապագան փայլուն է լինելու», ասաց Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը :

Գրքի` ֆրանսերենից հայերեն թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը մատնաշնեց, որ այս պատմությունը ոչ թե մեկ հայ ընտանիքի, այլ Ցեղասպանություն ապրած հարյուրավոր հայ ընտանիքների դառը ճակատագրի վառ օրինակ է:

Անդրադառնալով գրքի հեղինակի անմիջական գրչի շնորհքին` Գ. Ջանիկյանը հավելեց. «Ամեն հայ գրող է. այն հայը, որ 15 թվական է տեսել, Սիբիր է տեսել, չի կարող գրող չլինել»:

Շնորհանդեսին իր ողջյունի խոսքն էր բերել նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը :

Միջոցառման ավարտին հեղինակի հուշագրությամբ ներկաներին գրքի օրինակներ բաժանվեցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4