Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ շրջանը: Առաջնության վերջնագծում առաջինը մրցասպարեզ դուրս եկան չեմպիոնի տիտղոսի համար պայքարող թիմերը: «Ուլիսը» «Հրազդանում» հյուրընկալել էր «Բանանցին», իսկ Կապանում մրցում էին «Գանձասարն» ու «Փյունիկը»: Երկու հանդիպումներն էլ անցան անհաշտ մրցապայքարում:
«Ուլիսը» եւ«Բանանցը» 3-րդ շրջանում բոլորից հաջող էին հանդես եկել` վաստակելով 16-ական միավոր: Բնականաբար, նրանք ձգտում էին զարգացնել հաջողությունը: Ուստի խաղադաշտում համառ պայքար ծավալվեց: Երկու թիմերն էլ ուշադիր էին գործում թիկունքում, որի հետեւանքով գոլային պահերն այս խաղում առատ չէին: Առաջին խաղակեսում կարելի է հիշատակել 2 պահ: 20-րդ րոպեին հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ «Բանանցը», սակայն անկյունայինի խաղարկումից հետո Բետոն նպաստավոր դիրքից վրիպեց: Առաջին խաղակեսի ավարտին էլ ուլիսցի Ալբերտ Թադեւոսյանը ստանալով Ադամյանի ճշգրիտ փոխանցումը, մոտ տարածությունից չկարողացավ գլխի հարվածով գրավել դարպասը:
Ընդմիջումից հետո ավելի ակտիվ էր «Ուլիսը», որն էլ 55-րդ րոպեին հասավ հաջողության: Աչքի ընկավ Արտյոմ Ադամյանը` խփելով պաշտոնական մրցումներում 100-րդ գոլը: Նա ընդգրկվեց ռմբարկուների խորհրդանշական «100-ի ակումբում»: Հետագայում ուլիսցիները կարող էին եւս 2 գոլ խփել, սակայն գոլային պահերը չիրացրին Դավիթ Գրիգորյանն ու Ալբերտ Թադեւոսյանը: Իսկ «Բանանցին» այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: «Ուլիսն» անչափ կարեւոր հաղթանակ տոնեց ու ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը` 22 հանդիպումներում վաստակելով 46 միավոր:
Ուլիսցիներին հետապնդող «Գանձասարի» ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 2-րդ անընդմեջ պարտությունը կրեցին: Այս անգամ կապանցիները 1-2 հաշվով զիջեցին «Փյունիկին»: Վերջինս 40-րդ րոպեին բացեց հաշիվը Հովհաննես Հովհաննիսյանի հարվածով: Սակայն 5 րոպե անց Արա Խաչատրյանը 11մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ ընդմիջումից հետո փյունիկցի Ղուկաս Պողոսյանը խփեց հաղթական գոլը:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակեց 39 միավոր եւ աղյուսակում շրջանցեց «Գանձասարին», որը մեկ միավոր պակաս է վաստակել: Այժմ «Ուլիսը» 7 միավորով առաջ է անցել փյունիկցիներից, ինչն առաջնության մնացած 6 հանդիպումներում զգալի առավելություն է չեմպիոնության համար մղվող պայքարում: