Ստամբուլում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 2-րդ օրն էլ անհաջող էր հունահռոմեական ոճի մեր ըմբիշների համար: Մրցագորգ դուրս եկած հերթական 3 ըմբիշները կրկին մնացին առանց պարգեւների: Մեդալին ավելի մոտ էր գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը, որից սպասելիքները մեծ էին: Նա հաջող սկսեց մրցաշարըՙ հաղթելով ֆինն Հենրիկ Լալիին եւ ադրբեջանցի Մեսութ Հասիմզադեին: 1/8 եզրափակիչում նրա մրցակիցն օլիմպիական չեմպիոն, կուբացի Նունյես Լոպեսն էր: Վերջինս անհարմար մրցակից է Պատրիկեեւի համար: Ցավոք, այս անգամ էլ Պատրիկեեւին չհաջողվեց հաղթահարել Լոպեսի արգելքը: Իսկ կուբացի ըմբիշը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ռիզա Կայալպին:
Լոպեսի շնորհիվ Պատրիկեեւն իրավունք ստացավ վիճարկելու բրոնզե մեդալը: Բայց այստեղ էլ նա անհաջողության մատնվեցՙ պարտվելով շվեդ Մագնուս Էյրենին: Մինչեւ 60 կգ քաշային կարգում Վահան Ջուհարյանը եւս 2 գոտեմարտ շահեցՙ հաղթելով Սլովենիայի ներկայացուցիչ Դրիտանո Հայրիզիին եւ չեխ Միխալ Նովակին: Իսկ ահա 1/8 եզրափակիչում նա պարտվեց Վենեսուելայի պատվիրակ Լուիս Լիենդոյին ու դուրս մնաց հետագա պայքարից: Չեմպիոն հռչակվեց իրանցի Հաջի Նորոզին:
Արթուր Շահինյանը 84 կգ քաշայինների մրցավեճում առաջին գոտեմարտում պարտվեց ավստրիացի Ամեր Հրուստանովիչին ու դուրս մնաց պայքարից: