«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2011-09-14 | #163, 2011-09-15 | #164, 2011-09-16


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԿԳՆԱ՞Ն ՋՐԲԱԺԱՆԻ ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐՈՒՄ ԵՂՈՂՆԵՐԸ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի երրորդ հանրապետության եւ խորհրդարանի 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին ընդունելության է հրավիրում Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորներին:

Եթե հաշվենք, ապա ընդհանուր թվով հրավիրյալների թիվը կազմում է 8 հարյուրից ավելի մարդ, քանի որ առաջին գումարման Գերագույն խորհուրդն ուներ 260 պատգամավոր, առաջին գումարման Ազգային ժողովը` 190, իսկ երեք գումարում` 131-ական: Սա, փաստորեն աննախադեպ հրավեր է, անգամ եթե 500 մարդ ընդունի հրավերն ու գա Ազգային ժողով, իսկ հենց Ազգային ժողով է նրանց հրավիրում նախագահը, ապա անհասկանալի է, թե որտե՞ղ է անցկացվելու այդ ընդունելությունը. ԱԺ նոր դահլիճում տեղերը սահմանափակ են, ԱԺ այլ դահլիճները նույնպես տարողունակ չեն:

Բայց ավելի կարեւոր է, թե ի՞նչ է ասելու այդքան խայտաբղետ պատգամավորական լսարանին Հայաստանի նախագահը: Նկատենք, որ նախկին խորհրդարանների անդամ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը (ԳԽ նախագահ), Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը (ԳԽ նախագահ), Արմեն Խաչատրյան (Աժ նախագահ), Տիգրան Թորոսյանը (ԱԺ նախագահ), Ալբերտ Բազեյանը (ԱԺ փոխնախագահ), Կարապետ Ռուբինյանը (ԳԽ փոխնախագահ), Արթուր Բաղդասարյանը (ԱԺ նախագահ), Խոսրով Հարությունյանը, եւ ուրիշ այնքան շատ մարդիկ, ովքեր հետո տարբեր քաղաքական ճամբարներում են հայտնվել, քննադատել միմյանց, հաճախ միմյանց մասին արտահայտվելիս անցել թույլատրելիի սահմանը: Կուզենա՞ն նրանք բոլորը մի տեղում հայտնվել կամ լսել մի մարդու, ում հետ նույնպես շատերը տարբեր ճամբարներում են: Իսկ թե այսքան տարբեր շրջանակներ ներկայացնող մարդկանց ի՞նչ միացնող կամ ընդհանրական խոսք է ասելու նախագահ Սարգսյանը, կամ ինչ գաղտնիմաստ է դրել բոլորի համար պետք է որ ցանկալի եւ սիրելի անկախության տոնի առիթով այս հավաքի մեջ, միայն այդ օրը կիմացվի, եթե, իհարկե, նրա հրավերն ընդունեն հատկապես ջրբաժանի այս ու այն կողմերից, ընդ որում` նրանց մեջ կան մարդիկ, ովքեր անընդհատ խոսում են նախագահ Սարգսյանի ոչ լեգիտիմությունից: Նկատի առնելով, որ այս հանդիսության ձեւաչափի մասին ոչինչ չի ասված հրավերում, հեռուն գնացող մեկնաբանություններ , անգամ այն, որ Տեր-Պետրոսյանը կարող է ընդունել հրավերն ու ելույթ ունենալ, առայժմ անել էլի չի կարելի: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նա հրավերը պետք է որ չընդունի, սակայն ամբիոնն օգտագործելու հնարավորությունը գայթակղիչ է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4