Օրերս լրանալու է հայ ավանդական կուսակցություններից մեկի` Ռամկավար Ազատական կուսակցության ծննդյան 90-ամյա հոբելյանը: Կուսակցություն, որի արմատները սնվում են հեռավոր 1885թ. Վանում ստեղծված Արմենականների անդաստանում, եւ որն արդյունք է վերջիններիս ժառանգորդ Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցության, Վերակազմյալ Հնչակյան եւ մի քանի այլ քաղաքական ուժերի համախմբման:
Ռամկավար Ազատական կուսակցության անցած ամբողջ ուղին մաքառումների, պայքարի, բնավեր եղած սփյուռքահայության բեկորները հավաքելու, համախմբելու, հայեցի սերունդ մեծացնելու, ազգապահպանության, աշխարհի ժողովուրդների շարքում արժանապատիվ քայլելու, նորանկախ Հայաստանի հանրապետությանը բոլոր առումներով սատարելու հանրագումար է:
Այսօր, սակայն, զանազան պատճառներով մի տեսակ աղավաղվել է ռամկավար-ազատական գաղափարախոսությունը, այդ գաղափարախոսության կրողների շարքերը նոսրացել են, իսկ ՌԱ կուսակցությունը խոր ճգնաժամ է ապրում:
Արմենական-ՌԱԿ-ը` իրեն համարելով ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) գաղափարախոսությանը դավանող, ազատականության ջատագով ու ժողովրդավարության նվիրյալ, ինչպես նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության հոգեզավակ ու ժառանգորդ, մեծ ցավ է ապրում ՌԱԿ-ում ստեղծված ներկա տխուր վիճակի համար եւ կոչ է անում`
- ՌԱԿ-ի բոլոր նախկին ու ներկա գործող անդամներին,
- ՌԱԿ-ից ինչ-ինչ պատճառներով հեռացածներին,
- ՌԱԿ-ի շրջանակներից ակամա դուրս մնացածներին,
- Ռամկավար-ազատական գաղափարախոսության բոլոր դավանողներին ու համակիրներին.
մի կողմ թողնել բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառաբանությունները, մոռանալ անձնական վիրավորանքներն ու հավակնությունները (ամբիցիա), աշխարհագրական եւ այլ տարբերությունները, մեկ մարդու նման միանալ մեր նախաձեռնությանը, որն ընդամենը մեկ նպատակ ունի` համախմբվել լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության դրոշի ներքո, միասին պայքարել հանուն նրա իդեալների եւ, վերջապես, վերականգնել ռամկավարի, ռամկավար կուսակցության բարի անունն ու համբավը, դառնալ այն հզոր ուժն ու փարոսը, որի շուրջ կհամախմբվի հայությունը ազգանվեր նպատակների իրագործման համար:
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք սույն կոչին ընդառաջՙ կապ հաստատել ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ գրասենյակի հետ (Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հեռախոսՙ (010-091-077) 56 68 45, էլ. հասցեՙ offic-rak@armenakan.am), եւ ցանկության դեպքում անհատապես կամ հավաքաբար մաս կազմել նախաձեռնող խմբինՙ վերամիավորման ու միավորման գործընթացն սկսելու նպատակով:
Ուղղում (http://www.archive.azg.am/AM/2011091728)
Նախորդ համարում Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության տարածած Կոչում սպրդել է սխալ. խնդրում ենք գրասենյակի հետ կապ հաստատել հետեւյալ հասցեովՙ Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, բջջային հեռախոսներՙ 091 - 56-68-45, 077 - 56 68 45 եւ քաղաքային համարՙ 56-68-45, էլ. հասցեՙ office-rak@armenakan.am կամ regionnet.armenia@gmail.com