Բաքվում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջը երեկ լրագրողներին ասել է, որ ոչ ուշ, քանի մինչեւ նոյեմբերի 15-ը Ստամբուլում կգումարվի Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական խորհրդի նիստը, որին կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նիստը նախապես ծրագրված էր գումարել Թուրքիայի վարչապետի Բաքու այցի օրերին, սակայն վերջին պահին «տեխնիկական խնդիրներ» էին առաջացել:
Բաքվում Թուրքիայի դեսպանի անոնսը բովանդակային առումով որեւէ նորություն չունի: Փոխարենը, թվում է, պետք է կարեւորել այն, որ Իլհամ Ալիեւի Ստամբուլ այցի մասին հայտարարվում է հենց այս պահին: Բանն այն է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եգիպտական այցն իր գլխավոր նպատակադրվածության մեջ կարելի է համարել ձախողված: Էրդողանն ասել էր, որ «Գազայում մեզ սպասում են», բայց Պաղեստինի ինքնավարության առաջնորդի հետ նրա հանդիպումը տեղի է ունեցել Կահիրեում:
Իսկ դա ամենեւին էլ չի խոսում Թուրքիայի օգտին, որը վերջերս բավական ընդգծված հավակնություններ էր դրսեւորում հատկապես Պաղեստինի անկախության «կնքահայր» դառնալու իմաստով: Եթե Էրդողանն առանց Իսրայելի համաձայնության մուտք գործեր Գազայի հատված, ապա, ըստ երեւույթին, կդիտվեր որպես «արաբական աշխարհի հովանավոր»: Այդ քայլին նա չի դիմել: Ի՞նչ դրդապատճառներից մղված` կարելի է զանազան ենթադրություններ անել:
Մեզ, սակայն, թվում է, որ «Գազայում մեզ սպասում են» ասելով Էրդողանը պարզապես միայն իր ցանկություններ էր արտահայտել` լինել Գազայում: Իսկ որ նրան այնտեղ չէին սպասում, վկայում է փաստը, որ Եգիպտոս Էրդողանի այցի տառացիորեն նախօրեին Գազան վերահսկող «Համաս»-ից ընտրված պաղեստինյան պատգամավորներն ուղերձ էին հղել Մահմուդ Աբբասին եւ հորդորել, որ Պաղեստինի անկախության ճանաչման միջնորդությամբ չդիմի ՄԱԿ-ին: Բացատրությունը մեկն էր. «Դա կարող է վնասել Պաղեստինի գործին»:
Կարելի է, իհարկե, ասել, որ «Համաս»-ն այդ քայլին դիմել է` չցանկանալով, որ Պաղեստինը ճանաչվի իր համար անընդունելի սահմաններում: Բայց եթե նկատի ունենանք, որ «Համաս»-ը տարածաշրջանում ներկայանում է որպես Իրանի համակիր կազմակերպություն, ապա տրամաբանական կթվա, որ այդ կերպ նա չի ցանկացել, որ Պաղեստինի անկախության ջատագովի եւ հովանավորի դափնին անցնի Թուրքիային:
Որ Էրդողանի կառավարության «զրո խնդիրներ հարեւանների հետ» ծրագիրն անհաջողության է մատնվել, չեն թաքցնում նույնիսկ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները: Եվ դա իրականություն է. վատթարացել են թուրք-իրանական, թուրք- իսրայելական հարաբերությունները, իսկ Ցյուրիխյան արձանագրությունների շուրջը Թուրքիայի խորհրդարանում վերջին զարգացումները գալիս են արձանագրելու հայ-թուրքական «պատմական հաշտեցման» նախաձեռնության կատարյալ տապալումը:
Այս իրավիճակում, բնական է, գոնե սեփական հանրության առաջ դեմք պահելու համար Էրդողանի կառավարությանը ոչինչ չի մնում, քան «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի վրա մտասեւեռվել: Եվ Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական խորհրդի նիստը, որ ծրագրվել է անցկացնել ոչ ուշ, քան մինչեւ նոյեմբերի 15-ը, կարող է որոշ չափով «փոխհատուցել մյուս ուղղություններում ձախողումները»:
Դա լիովին տեղավորվում է ադրբեջանական կողմի ընկալումներում: Մյուս կողմից, մինչդեռ, Թուրքիայի հավակնոտության ձախողումը կարող է այդ երկրի մասին ադրբեջանական հանրության պատկերացումների տրանսֆորմացիայի սկիզբ դառնալ: Այդ մասին, ի դեպ, Էրդողանի եգիպտական այցից առաջ մեկնաբանություն էր արել Բաքվի «Զերկալոն» եւ ակնարկել, որ «Իսրայելի հետ հարաբերություններում Թուրքիան գլխից բարձր թռչել չի կարող»:
Վ. Ա.