«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2011-09-14 | #163, 2011-09-15 | #164, 2011-09-16


ՎՈԼՖԳԱՆԳ ԲՅՈՐՆԶԵՆ. ԴՐՍԻՑ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՐԱՆՑ (ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ) ԶՐԿԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սարգսյանը նշել է, որ մեծապես կարեւորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստանՙ որպես երկու երկրների միջեւ փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացման քայլ: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանըՙ համագործակցության եւ տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:

Այս խմբի այցելությունը հատկանշական է, քանի որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում, որ տպագրվել էր հուլիսին, «Գերմանիա-Հարավային Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ, Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացման ու Եվրոպայի կողմից դրանք չընդունելու հանգամանքի մասին հարցին, նշել էր. «Ընտրություններ չանցկացնելը սխալ կլինի: Այդ մարդիկ, ովքեր տեղում կարող են արտահայտվել, պետք է դա անեն նաեւ ընտրությունների միջոցով: Նրանք պետք է կարողանան ասել, թե իրականում ինչ են ուզում»:

Մեկ այլ հարցադրմանը, թե Ղարաբաղում հենց դա էլ անում են, ընտրություններ են անցկացնումՙ փորձելով ինքնակառավարվել, Բյորնզենը ներկայացրել էր իր անձնական կարծիքը. «Երբ այդ մարդիկ ինչ-որ ձեւով, ընտրությունների միջոցով արտահայտվում են, մենք պետք է դա հարգենք: Սա պետք է նաեւ Եվրոմիությունը հասկանա եւ ընդունի: Ես համարում եմ ընտրությունները սեփական շահերն արտահայտելու միջոց: Մարդիկ պետք է այդ ազատությունն ունենան: Դրսից չի կարելի նրանց զրկել ընտրության ազատության իրավունքից»:

Այսօրինակ բացառիկ մոտեցմանը զուգահեռ, «Գերմանիա-Հարավային Կովկաս» պատգամավորական խմբի նախագահը հարցազրույցում նաեւ ընդգծել էր, որ հակամարտություններում ոչ ոք չունի լուծման մի տարբերակ, որը կգոհացնի բոլորին: «Սակայն շահավետ է, որ լուծումների բանակցությունները չընդհատվեն, որ ազգային եւ միջազգային կազմակերպությունները շարունակեն խնդրով զբաղվել, նաեւ Եվրոմիությունն այստեղ ակտիվ մնա. այս ամենը ոգեւորող է», ասել էր Բյորնզենը:

«Եվրոպայի փորձը ցույց է տալիսՙ ով պատերազմին եւ հակամարտությանն է հենվում, նա պարտվում է», հուլիսյան հարցազրույցում նշել էր գերմանացի պատգամավորը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4