«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2011-09-14 | #163, 2011-09-15 | #164, 2011-09-16


ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆՅԱՆ. ԲԱՆԱԿՈՒՄ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, քաղաքացիները, ովքեր չեն հանդուրժում բանակի ներկայիս իրավիճակը ու պահանջում են բարեփոխումներ, երեկ կրկին կառավարության շենքի դիմաց էին: Նրանց պահանջը մեկն էր` վերացնել բանակում օրեցօր շատացող սպանություններն ու անօրենությունները:

Սեւազգեստ մայրերը, սովորության համաձայն, ձեռքերին պահել էին իրենց սպանված որդիների նկարներն ու պահանջում էին պատասխան` ինչո՞ւ են սպանել իրենց որդուն եւ ինչո՞ւ մեղավորը պատասխան չի կրում:

Լսելով նրանց խնդիրները, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոստացավ ընդունելություն կազմակերպել իր գրասենյակում, նաեւ հանդիպում` բոլոր պատկան մարմինների հետ:

«Բանակում անպատժելիության մթնոլորտ չի եղել եւ այսօր էլ չկա», ծնողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : Նա վստահեցրեց, որ բոլորն էլ իրենց արժանի պատիժը ստանում են: «Բանակում դեպք հնարավոր չէ թաքցնել: Բոլորն իրավական հարթության վրա պատիժ են ստանում, իսկ եթե քրեական գործի շրջանակներում ներգրավված չեն, ապա ադմինիստրատիվ, կարգապահական տույժեր ստանում են` պաշտոններից ազատում, այլ պաշտոնների տեղափոխում, բանակից զորացրում»:

Օհանյանն ասաց, որ բանակում տեղի ունեցող հակաօրինական բոլոր արարքների, երեւույթների վերաբերյալ հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով, ու չկա որեւէ դեպք, որի մեղավորների շրջանակը հայտնաբերված չլինի կամ այդ մարդիկ հայտնաբերված ու կալանավորված չլինեն:

«Իսկ ինչու են բանակում խաղաղ պայմաններում այդքան մարդ զոհվում» հարցին էլ նախարարն ասաց, որ տարեցտարի բանակում արտակարգ պատահարների թիվը նվազում է: «Յուրաքանչյուր մարդու կորուստը մեզ համար ցավ է, ողբերգություն, բայց մահվան ելքով պատահարների թիվը նվազում է»:

Օհանյանը խոստովանեց, որ կիսում է բոլոր ծնողների ցավն ու խորհուրդ տվեց համբերությամբ զինվել, մինչեւ իրավապահները գործերը հասցնեն ավարտին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4