«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2011-09-14 | #163, 2011-09-15 | #164, 2011-09-16


ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ն Է

Վարչապետը խոստանում է բազմաբնակարան շենքերի շինարարություն ամբողջ Հայաստանում

Աղետի գոտու բնակավայրերերից Գյումրիում եւ Ախուրյանում բնակարան ստանալու հավակնող ընտանիքների կողմից ընտանիքի անդամների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2011-ի նոյեմբերի 1-ը: Կառավարության երեկ ընդունած այս որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որ այդ վերջնաժամկետի մասին քաղաքացիներն իրազեկվեն: «Մեր ծրագիրը նախատեսված էր շուրջ 7 հազար անօթեւան ընտանիքների բնակարաններով ապահովելու համար: Արդյունքում ամբողջությամբ կատարում ենք մեր պարտավորություններն անօթեւանների, մասնավորապես այն ընտանիքների նկատմամբ, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որոնք սահմանված էին մեր կողմից», ասաց վարչապետը եւ շարունակեց. «Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ այդ ցուցակների ճշգրտումը բավական բարդ գործընթաց է եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ իրականում աղետի հետեւանքով անօթեւան դարձածները եւ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքները փորձում են այս ծրագրից օգտվել, եւ շատ դժվար է այդ տարանջատումն իրականացնել, որովհետեւ շատ հաճախ իսկապես սոցիալապես անապահով ընտանիքներ նույնպես ցանկություն ունեն օգտվել ծրագրից, բայց օբյեկտիվ չափանիշները, որոնք դրված են ծրագրի հիմքում, թույլ չեն տալիս այդ»:

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ նախարարական կոմիտեում քննարկվել է բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանում կան 21 հազարից ավելի բազմաբնակարան շենք, որոնց դրանց զգալի մասը «խրուշչովյան» տարիներին կառուցված շենքերն են եւ որոնց ֆիզիկական մաշվածության աստիճանը բավական բարձր է, եւ վթարային դառնալու լուրջ խնդիր ունեն: «Այդ պատճառով, ավարտելով այս ծրագիրը, 2012 թ. արդեն պետք է ձեռնամուխ լինենք նորի իրականացմանը», ասաց Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, յուրաքանչյուր տարի գումար է հատկացվելու բազմաբնակարան շենքերի խնդիրները լուծելու համար, եւ ուշադրության կենտրոնում լինելու են առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք ունեն այդպիսի խնդիրներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4