Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ Անկախության 20-ամյակի առիթով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր ընդունելություն գործարարների համար: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ հասարակական ու մշակութային գործիչներ, կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նախագահը, շնորհավորելով ներկաներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ, նշել է, որ սա տոն է, որին ժողովուրդը շատ երկար է սպասել: Երկրի ղեկավարի խոսքով, անկախությունը բերել է իրավունք, կարողություն եւ պատասխանատվություն` «մեր դարավոր երազանքը մեր ձեռքերով իրողություն դարձնելու հնարավորություն»: «Չնայած ունենալով համեստ բնական պաշարներ, կարողացել ենք ստեղծել տնտեսություն, որը կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում է իր ուսուցչի արժանապատիվ կենցաղը», նշել է Հայաստանի նախագահը: