«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2011-09-14 | #163, 2011-09-15 | #164, 2011-09-16


ԱՐԳԵՆՏԻՆԱ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Արգենտինիայի արտգործնախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոյին , որը Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինյան Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը», ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Ալբերտո դե Ալոտոնՙ «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ ԱՀ արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ փոխգործակցության համաձայնագիրը», ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Ալբերտո դե Ալոտոնՙ «2011-2015 թթ. Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինյան Հանրապետության միջեւ մշակութային համագործակցության մասին ծրագիրը»:

Արտգործնախարար Նալբանդյանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, իր գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, իսկ արդեն ստորագրված վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի համագործակցության համակողմանի զարգացման համար:

Ալբերտո դե Ալոտոն, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ եւ բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասել է, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4