Հանրաքվեի օր որոշվեց սեպտեմբերի 21-ը: Ոգեւորությունը մեծ էր, հանրաքվեին մասնակցել է 2 մլն 56 հազար 792 մարդ, որոնցից անկախությանը «այո» ասաց 2 մլն 42 հազար 617-ը, «ոչ»` 10.000-ը: Համազգային տոնախմբություն էր: Սեպտեմբերի 23-ին, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, պատիվ ունեցա հռչակել ՀՀ-ն անկախ պետություն: Ես հպարտ եմ, բայց սա շատ ծանր ու պատասխանատու բեռ էր», պատմական ակնարկ կատարելովՙ Հայաստանի անկախության հռչակման մանրամասները ներկայացրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Հայացք»-ում, երեկ: Նրա գնահատմամբՙ անկախության ձեռքբերումներն այնքան էլ շատ չեն` Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ձեռքբերում, ժողովրդավարության հիմքերի հիմնում: «Անկախ Հայաստանի կորուստն այն է, որ տառապանքով անկախության հասած քաղաքացին այդպես էլ իր մաշկի վրա չզգաց իրական աջակցություն, որով նա կարող էր բարգավաճել, ապրել իր երկրում»: Մանուկյանի գնահատմամբ արտագաղթի ծավալները տագնապալի են: «Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում: Հայաստանի իշխանություններին թույլ են տալիս հանցագործություն կատարել, հետո բռնում են, բայց չեն պատժում, որ կարողանան նրանց հնազանդեցնել: Վազգեն Խաչիկյան, Վարդանիկ Ղուկասյան, Գագիկ Խաչատրյան: Նրանք հանցագործություն են կատարել, սակայն նրանց պահում են, որպեսզի կարողանան ստիպել այլ գործեր կատարել: Վարդանիկը կանի այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը, Սերժն էլ կանի այն ինչ կասի ԱՄՆ-ն»: Արամ Մանուկյանի գնահատմամբ` կորուստների համար բոլորն են մեղավոր: «Եթե Լֆիկը (նկատի ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին) շաքարավազը դարձնում է 500 դրամ, բայց մարդիկ չեն բողոքում, բոլորս ենք մեղավոր: Ասում ենքՙ շառից, փորձանքից հեռու եւ հեռանում Հայաստանից, որ այս այլանդակությունները չտեսնենք»:
Մանուկյանի մեկնաբանությամբ` իշխանության հետ երկխոսությունը շատ կարեւոր է: Վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, մինչ այդ երկխոսող կոլացիան պետք է պաշտոնապես հայտարարություն անիՙ ընդունո՞ւմ են արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկությունը, թե՞ ոչ: Թեպետ իշխանական ամենատարբեր ներկայացուցիչներ ՀԱԿ-ի այս առաջարկին բացասական պատասխան են տվել, սակայն, Մանուկյանի մեկնաբանությամբ, իրենք սպասում են երկխոսող կոալիցիայի պատասխանին: Նա հավելում է, որ արտահերթ ընտրություն չանցկացնելու վերաբերյալ կոալիցիայի ներկայացրած 130-էջանոց հակափաստարկի վերջին 30 էջը չի ընթերցվել: «Եթե նրանք մինչեւ սեպտեմբերի 30-ը ոչինչ չասեն, դա մենք կդիտարկենք ոչ»: Մանուկյանի գնահատմամբՙ եթե իշխանություններն ազատ արձակեն «քաղբանտարկյալ» Տիգրան Առաքելյանին, ապա երկխոսությունը կշարունակվի:
«Ազգ» -ի դիտարկմանը` «Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ անվանելով չե՞ք ցածրացնում քաղբանտարկյալ հասկացությունը», Մանուկյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ կասեք, որ ոստիկանները ոտքերի տակ են գցում երիտասարդներին, ովքեր թռուցիկ են բաժանում»: «Դրանք տարբեր բաներ են: Ոստիկանին չենք սրբացնում, գիտենք ինչպիսի ոստիկաններ կան, սակայն Առաքելյանի պարագայում խնդիրը իրավական է: Ստացվում է, ով հայհոյում է ոստիկանին, նա քաղբանտարկյա՞լ է, անկախ նրանից, թե ով է այդ ոստիկանը» հարցին, Արամ Մանուկյանն ասաց. «Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է»:
Հ. Հ.