«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի անկախության 20-ամյակին է նվիրվում «Գյլուբենկյան» սիմֆոնիկ նվագախմբի (գեղ.ղեկ եւ գլխ. դիրիժոր Լոուրենս Ֆոսթեր) անդրանիկ համերգը: Սեպտեմբերի 15-ին նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցրեց Խոլի Բրագա Սանտոսի սիմֆոնիետան լարայինների համար, Բեթհովենի դաշնամուրային թիվ 3 դո մինոր կոնցերտը, Դվորժակի թիվ 9 սիմֆոնիան եւ մի մինոր «Նոր աշխարհից» ստեղծագործությունները: Համերգն արժանացավ երաժշտասերների ջերմ ընդունելությանը: Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նվագախումբը հանդես կգա նոր ծրագրովՙ Արամ Խաչատրյանի ադաջիոն «Սպարտակ» բալետից, Բրամսի ջութակի կոնցերտը, Բեթհովենի սիմֆոնիա թիվ 7 լյա մաժոր ստեղծագործությունները, մենակատարՙ Արաբելլա Շտայնբախեր (ջութակ):
Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի գեղ.ղեկ Ստեփան Ռոստոմյանը, գլխ. մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Գյուլբենկյան հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Թերեզա Գուվեյան, երաժշտական բաժանմունքի ղեկավար Րիստո Նյիմինյեն: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրեց հյուրերին ու ողջունելով ասաց. «Հայաստանում այս երկու օրերին մի բացառիկ միջոցառում է տեղի ունենում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել աշխարհահռչակ «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբին, որը հայտնի է դասական երաժշտության նորովի մատուցման ասպարեզում»: Պետության, կառավարության կողմից հովանավորվող համերգները երաժշտասեր հասարակությանը նվեր է անկախության 20-ամյա հոբելյանի առթիվ: Պրն Ռոստոմյանը բացառիկ համարեց, որ «Գյուլբենկյան» նվագախումբը եւ հատկապես հիմնադրամի ղեկավարներն առաջին անգամ են ժամանում Հայաստան:
Տկն Թերեզա Գուվեյանը «Գյուլբենկյան» հիմնադրամի անունից ողջունեց ու ասաց. «Հպարտ ենք եւ ուրախ, որ առաջին անգամ Հայաստանում նվագելու ենք հայերի համար, այն էլՙ այդքան կարեւոր հոբելյանի նախօրեին»: Այնուհետեւ տկն Գուվեյանը ներկայացրեց հիմնադրամի գործառույթները, նպատակները, որոնք ուղղված են նաեւ Հայաստանի ու Սփյուռքի հայերին աջակցելուն, նրանց կայացմանը եւ շփումներին: Պորտուգալիայում 60 տարի առաջ հիմնված «Գյլուբենկյան» հիմնադրամը միակն է, որն առանց կողմնակի ֆինանսական աջակցության, իր կայուն ֆինանսների շնորհիվ միակ սիմֆոնիկ նվագախումբը շրջագայում է աշխարհով մեկ ու համերգներ տալիս:
Նվագախումբը կազմված է 80 երաժիշտներից, նաեւ 100 հոգանոց երգչախմբից: Նվագախմբի երաժիշտները 12 տարբեր ազգություններից են, որոնց թվում են նաեւ 4 հայեր:
Հյուրերը շատ գոհ էին մնացել առաջին համերգի ընդունելությունից եւ հույս հայտնեցին, որ հաջորդ տարի գուցե նվագախումբը եւ երգչախումբը միասին գան Հայաստան: Պրն Րիստո Նյիմինյեն ասաց, որ նվագախումբը հունիսից-սեպտեմբեր համերգաշարեր է անցկացնում, որի ընթացքում օրական 3-4 համերգ է տալիս: Աշնանը Լիսաբոնում նվագախումբը հատուկ համերգով հանդես կգա, որին հրավիրվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
«Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները երեկ հանդիպել են ԵՊՀ-ում հիմնադրամի մասնաճյուղի պատասխանատուի հետ եւ նոր ծրագրերի շուրջը պայմանավորվել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ