Եթե այն կամ նա, ինչով կամ ումով ցանկանում ենք, որ մեզ ճանաչեն աշխարհում արդեն անցյալում են կամ այլ մշակույթի կրող, ապա ինչպե՞ս ենք այսօր ներկայանում աշխարհին. ունե՞նք արդյոք «ազգային բրենդ», ո՞րն է այսօրվա Հայաստանի ներկայանալի դարձնող երեւույթը: Այս հարցերին երեկ ասուլիսում պատասխանեց գերմանահայ PR մասնագետ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: «Հայերն այժմ ներկայանում են աշխարհին ոչ թե որպես արարող, այլ որպես ուրիշի ստեղծածն օգտագործող եւ միաժամանակ «ինքնաթանգարանացման» ուղին բռնած ազգ: Բազիլի խոսքով` հայերը կիրառող են, բայց ոչ ստեղծագործող, քանի որ «կիրառում ենք ուրիշի ստեղծածը, սակայն ո՞ւր է մեր ստեղծածը, որպեսզի տարբերվենք: Բայց դա չի նշանակում, որ հինը աղբ է, իսկ նորը` սրբություն, ո՛չ: Պետք է կարողանալ հինը ներկայացնել նորովի մոտեցմամբ, նոր գաղափարախոսությամբ: Օրինակՙ կարելի է ներկայացնել Նարեկացու տաղերն ու «Մատյան ողբերգության»-ը ջազի միջոցով»: Բազիլի եզրակացմամբ` հայերս բնույթով դիակապաշտ են, որովհետեւ զբաղված ենք ինքնաթանգարանացմամբ. «Գիտեք, որ թանգարանում շնչավոր չկա, անշունչն ու անկենդանն է այնտեղ, եւ եթե ուզում են կենդանի լինել, ապա պետք է ինքնաթանգարանացման գործընթացից հրաժարվեն: Հայերը սիրում են ապացուցել, որ հին են, առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Ասենքՙ ապացուցեցին, ասենք` Ադամն ու Եվան էլ են հայ, հետո ինչ: Ո՞րն է իմաստը, եթե հնությունը զուտ հնություն է մնում: Հնությունը հնությամբ, բայց դու ո՞վ ես այսօր, ի՞նչ նոր բան ես արարել»: Ընդ որում` փորձագետի խոսքերով նորարարության համար ամենեւին էլ անհրաժեշտ չեն մեծ ներդրումներ. «Յուրահատուկ լինելու համար հաճախ անհրաժեշտ չեն մեծ ներդրումներ: Մենք պետք է ավելի քիչ ներդրում անենք բետոնի վրա եւ ավելի շատՙ ուղեղի վրա», նշեց Բազիլը:
«Ազգային բրենդ» ձեւավորելու համար, մասնագետի խոսքերով, անհրաժեշտ է ներկայանալ այնպես, ինչպես կանք: «Պետք չէ ներկայանալ աշխարհին Շառլ Ազնավուրով, Շերլին Սարգսյանով, ովքեր այլ մշակույթի ծնունդ են եւ ձեւավորվել են այլ մշակույթի ազդեցության ներքո»: Թերեւս միակ դրական միտումը «ազգաներկայացման ոլորտում» ըստ Բազիլի, այն է, որ դեպի դրականն է փոխվել հայ պաշտոնյաների կեցվածքը արտերկրում. «Մի քանի անգամ եմ լսել նախագահ Սարգսյանի ելույթները արտասահմանում: Նա ներկայանալի է, խոսում է հանդարտ, առանց բառերը ծամծմելու», եզրափակեց գերմանահայ մասնագետը:
Հ. Ա.