«ՌեԱնիմանիա» միջազգային III անիմացիոն փառատոնի մասին «Ազգ» -ը մանրամասն ներկայացրել է: Փառատոնի երկրորդ օրը սկսվեց «Հայկական ռետրոսպեկտիվ» ֆիլմերի ցուցադրությամբ: Ինչպես ասաց փառատոնի ծրագրերի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը , «այս տարի հայկական ֆիլմերով հագեցած է ծրագիրը, որոնք հիմնականում արտամրցույթային են, որովհետեւ Հայաստանում անիմացիան այնքան զարգացած չէ, որ մենք ունենանք մրցութային հագեցած ծրագիր»: Ուրախալի է, որ այս տարի փառատոնին ներկայացված պետական հովանավորությամբ նկարված ֆիլմերից զատ, ներկայացվել է մեկ անկախ ֆիլմՙ հեղինակի ջանքերի շնորհիվ ստեղծված: «Նարեկացի» արվեստի միությունում երեկ երեկոյան ցուցադրվեցին վաղամեռիկ արվեստագետ Աբրահամ Սահակյանի հիշատակին նվիրված ֆիլմերը: Իր հոր վերջին աշխատանքիՙ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ֆիլմի մասին խոսեց Հասմիկ Սահակյանը : «Այդ ֆիլմը նկարահանվել է Մոսկվայի կինոարտադրության հետ համագործակցության արդյունքում: Մուլտֆիլմի սյուժեն եւ իր մոտեցումը սյուժեին, հայրս փորձել է ներկայացնել հետաքրքրական լուծումներով»:
Իսկ այսօր ժամը 18.00-ին «ԹՈՒՄՈ» կենտրոնում կկայանա նկարիչ Նաիրա Մուրադյանի 50-ամյա հոբելյանին նվիրված երեկոն, որի ընթացքում կբացվի նաեւ նրա գեղանկարների ու էսքիզների ցուցահանդեսը: Հայկական ներկապնակում տեղ են գտել նաեւ 74ամյա ֆիլմերը, որոնց ցուցադրությունը կայանում է Սիրահարների այգում եւ «Նարեկացի» արվեստի միությունում: Յուրօրինակ է նաեւ երիտասարդ ռեժիսորի «Դեպի ներքեւ» դիպլոմային աշխատանքը, որը ստեղծվել է վերջերս ու տեղ է գտել 20-ամյա անկախ, անիմացիոն ֆիլմերի շարքում:
Մ. Մ.