Եվրոպայի փոխչեմպիոն Ռուսաստանի կազմում
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում վերջապես հայ ծանրորդը կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց մինչեւ 23 տարեկանների մրցաշարին մասնակցած Աղասի Աղասյանը (77 կգ): Նա երկամարտում ցույց տվեց 328 կգ (148+180) արդյունք: Նշենք, որ օգոստոսին Աղասին գերազանց ելույթ էր ունեցել Չինաստանում անցկացված համաշխարհային 26-րդ Ունիվերսիադայումՙ երկամարտի 337 կգ (151+186) արդյունքով հռչակվելով չեմպիոն: Աղասյանը համաշխարհային ուսանողական խաղերում հայ մարզիկներից ոսկե մեդալ նվաճած առաջին ծանրորդն է:
Բուխարեստում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար բավականին թեժ մրցակցություն էր ծավալվել Աղասի Աղասյանի, ռուսաստանցի Ալեքսանդր Սաֆարյանի եւ ռումինացի Ադրիան Գիսոյուի միջեւ:
Պոկում վարժությունում Աղասին առաջին երկու մոտեցումները հաջող կատարեցՙ հաջորդաբար բարձրացնելով 145 եւ 148 կգ: 3-րդ մոտեցմամբ նա փորձեց բարձրացնել 150 կգ, սակայն անհաջողության մատնվեց: Այստեղ լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Ալեքսանդր Սաֆարյանը (152 կգ)ՙ արժանանալով ոսկե մեդալի: Ռումինացի Գիսոյուն 150 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Աղասյանին բաժին հասավ բրոնզե մեդալը:
Եվրոպայի չեմպիոնի բախտը պետք է վճռեր հրում վարժությունը, որում հայ ծանրորդը վստահ ելույթ ունեցավ: Նա մրցումները սկսեց 177 կգ-ից, ապա 2-րդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 180 կգ-անոց ծանրաձողը: Ալեքսանդր Սաֆարյանը բարձրացնելով 175 կգ, հաջորդ փորձերի ժամանակ ձախողվեց. 179 կգ-անոց ծանրաձողը չենթարկվեց նրան: Ռումինացի ծանրորդն էլ չկարողացավ բարձրացնել 180 կգ-ը ու բավարարվեց 176 կգ-ով: Այս անհաջողություններից հետո պարզ դարձավ, որ Աղասի Աղասյանն արդեն նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ուստի նա հրաժարվեց 3-րդ փորձից: Այսպիսով, Աղասին երկամարտի 328 կգ (148+180) արդյունքով ճանաչվեց լավագույնըՙ ոսկե մեդալ նվաճելով նաեւ հրում վարժությունում:
Երկամարտի 327 կգ (152+175) արդյունքով 2-րդ տեղը գրավեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկած Ալեքսանդր Սաֆարյանը: Նրանից մեկ կգ-ով հետ մնաց ռումինացի Ադրիան Գիսոյունՙ 326 կգ (150+176):
Քաշային այս կարգում հայտավորված Մարտիկ Սիմոնյանը հանդես էր եկել B խմբում ու երկամարտում ցույց էր տվել 300 կգ (140+160) արդյունք: Դա B խմբում 2-րդ արդյունքն էր, իսկ ընդհանուր հաշվարկով նա գրավեց 9-րդ տեղը 14 ծանրորդների մրցավեճում:
Հայաստանի հավաքականի կազմում դեռեւս մրցահարթակ դուրս չեն եկել գերծանրքաշայիններ Գոռ Մինասյանը (մինչեւ 20 տարեկաններ) եւ Հայկ Հակոբյանը (մինչեւ 23 տարեկաններ), որոնք իրական հնարավորություններ ունեն պայքարելու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Հուսանք, որ երկուսն էլ կարդարացնեն սպասելիքները: