Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրը վերջապես հաջողություն բերեց Հայաստանի հավաքականին: Մինչեւ 74 կգ քաշայինների մրցավեճում Արսեն Ջուլֆալակյանը դարձավ բրոնզե մրցանակակիր ու նվաճեց Լոնդոնի օլիմպիադայի ուղեգիր: Հրաձիգ Նորայր Բախտամյանից հետո Ջուլֆալակյանը դարձավ օլիմպիական ուղեգիր նվաճած հայ 2-րդ մարզիկը:
Արսենը հաջորդաբար հաղթելով իտալացի Սավերիո Չարամուզիին եւ ուկրաինացի Վլադիմիր Շացկիխին, 3-րդ գոտեմարտում մրցեց թուրք Սեբի Սելջուկի հետ: Անցյալ տարի Հունգարիայում Ջուլֆալակյանը պարտվել էր նրան: Այս անգամ էլ չհաջողվեց ռեւանշի հասնել: Թուրք ըմբիշը հասավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի տիտղոսը զիջեց ռուսաստանցի Ռոման Վլասովին: Իսկ Արսենը հնարավորություն ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար մրցավեճին:
Վճռորոշ գոտեմարտերում հայ ըմբիշն իրեն գերազանց դրսեւորեց: Հաջորդաբար հաղթելով հույն Պետրոս Մանոյլիդիսին, Սլովենիայի ներկայացուցիչ Յուրե Կուհարին եւ ղազախ Ասխատ Դիլմուհամեդովին, Ջուլֆալակյանը դարձավ բրոնզե մրցանակակիր: Դա մեր հունահռոմեական ոճի ըմբիշների նվաճած միակ մեդալն էր Ստամբուլում, ինչը բավարար համարել չի կարելի:
Այսօր Ստամբուլում իրենց մրցավեճը կսկսեն ազատոճային ըմբիշները: Վերջին շրջանում այս ոճում հայ ըմբիշներն անհաջող ելույթներ են ունենում: Գուցե աշխարհի առաջնությունում նրանք կարողանան իրենց արդարացնել: Մրցագորգ դուրս կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Նարեկ Սանոյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիեւը (74 կգ), Հաջիմուրադ Մուհամեդովը (84 կգ), Հարություն Ենոքյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Ռուսլան Բասիեւը: