ՀՀ Կենտրոնական բանկի եւ «Հայփոստի» անմիջական մասնակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում բացվել են «Հայաստանի Հանրապետության նամականիշները» եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցահանդեսները:
Հայաստանի կենտրոնական բանկի եւ «Հայփոստի» վերոնշյալ ցուցադրություններում ներկայացված են 1991-2011 թվականներին թողարկված հուշադրամների եւ նամականիշների նմուշներ:
ՀՀ անկախության 20-ամյակի առիթով թողարկվել է երկու նամականիշ, որոնցից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը եւ եռագույնը, իսկ մյուսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանը եւ պետական դրոշը: Յուրաքանչյուր նամականիշ տպագրվել է 40 000 օրինակով` 330 եւ 380 անվանական արժեքներով: Շրջանառության մեջ են դրվելու 2011թ.-ի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 հուշադրամ:
ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունում ներկայացված են շուրջ 4 տասնյակ ոսկե եւ 100 արծաթե հուշադրամներ, այդ թվում Հայոց չորս թագավորությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 10, 15, եւ 20-ամյակներին նվիրված հուշադրամները: Ցուցադրությունում առանձնակի տեղ են գրավում հայոց հավատքն արտացոլող հուշադրամները` մեր գոյապահպանման ու պատմության անբաժան իրողությունը հանդիսացող եկեղեցիների ու միաբանությունների պատկերներով:
Ցուցադրությունում թեմատիկ բաժանումներով ներկայացված են նաեւ անվանի անհատներին, հուշարձաններին, Հայաստանի մշակույթին, պատմությանը, Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհին, ինչպես նաեւ տարբեր սպորտային իրադարձություններին նվիրված հուշադրամներ:
ՀՀ կենտրոնական բանկը մասնակցում է նաեւ մի շարք միջազգային դրամագիտական ծրագրերի, որոնց շրջանակներում եւս թողարկվել են 5 տասնյակի հասնող հուշադրամներ: