Սեպտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Երեւանի պետական համալսարանում եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում եւ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից, այնպես որ շուտով Երեւանի չորս բուհերի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange WiFi ինտերնետից:
«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաեւ ուսումնական գործընթացների անխուսափելի ու անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարեւոր եւ պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը, կհեշտացնեն նրանց գործը եւ ինչու ոչ, թույլ կտան նաեւ երբեմն գումար խնայել: Որպես պատասխանատու ընկերություն` մեր կարեւորագույն նպատակներից է ինտերնետը հասանելի դարձնել բոլորին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Անլար եւ ազատ մուտքով ինտերնետ կապ օգտագործելու հնարավորության ընձեռնումը ԵՊՀ ուսանողների համար ամբողջովին համահունչ է համալսարանում տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ռազմավարական մոտեցումներին: Հավատացած եմ, որ մայր բուհի եւ Orange ընկերության հերթական համագործակցությունը կպսակվի հաջողությամբ` ի շահ երիտասարդ սերնդի զարգացման ու առաջընթացի եւ օգտվելով առիթից կցանկանայի շնորհակալություն հայտնել Orange Արմենիայինՙ արդյունավետ եւ բազմակողմանի գործընկերություն ծավալելու համար», ասաց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Ծրագիրը կյանքի է կոչվել շահառու համալսարանների եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք հաշվի առնելով ուսանողների կարիքներն ու դիմումները, առաջարկեցին Orange-ինՙ ստեղծել համալսարանական WiFi անկյուններ: