«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎՎԱ՞Ծ Է ՑՈՐԵՆՈՎ

Վերջերս պարենային ինքնապահովության վերաբերյալ քննարկումները դարձել են հաճախակի: Գլոբալ կլիմայական փոփոխությունները եւ զարգացող երկրների պահանջարկի շարունակական աճը պարենային ապահովության խնդիրներ են առաջացնում, ինչով եւ պայմանավորվում է համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների գների աճը: Անցած տարում Ռուսաստանի ցորենի արտահանման էմբարգոն խնդրի ակնհայտ դրսեւորումն էր:

Այդ ամենն, ինչ խոսք, նշանակալի ազդեցություն ունի պարեն ներմուծող բոլոր երկրների վրա, հատկապես Հայաստանի պես փոքր եւ լեռնային երկրի պարագայում: Ընդ որում ազդեցությունը կարող է լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ եւ ռազմավարական բնույթի: Նշված իրավիճակն, ըստ էության, երկու ելք է պահանջում` ստեղծել պարենի անհրաժեշտ պաշարներ կամ ապահովել ներքին պահանջարկին համարժեք սեփական արտադրություն:

Դիտարկենք Հայաստանում ցորենի ինքնապահովության վիճակը: 2000-2010 թվականների պաշտոնական ցուցանիշների ուսումնասիրությունը վկայում է, որ ցորենի ցանքատարածությունները Հայաստանում նվազել են բավական մեծ չափով` 23.5 տոկոսով (2000թ.ՙ 114.5 հազ. հա, իսկ 2010թ.ՙ 87.6 հազ. հա): Ինչը թե՛ հողօգտագործման կրճատման եւ թե՛ ցորենը նոր, ավելի բարձր արտադրողական մշակաբույսերով փոխարինման արդյունք է: Դիտարկելով ցորենի համախառն բերքի ցուցանիշները` պարզվում է, որ չնայած ցանքատարածքների կրճատման, շնորհիվ բերքատվության զգալի աճի, Հայաստանում ցորենի համախառն բերքն ավելացել է 3.2 տոկոսով (2000 թ. հավաքվել է 177.8 հազ. տոննա, 2010 թ.ՙ 183.5 հազ. տոննա): Այսպիսով, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.7 ցենտներից հասել է 21.2 ցենտների, որը Հայաստանի պայմաններում բավական բարձր ցուցանիշ է:

Դիտարկենք նաեւ ցորենի պահուստների շարժը: ՀՀ ԱՎԾ պարենային հաշվեկշռից պարզ է դառնում, որ ցորենի պահուստները Հայաստանում 2010 թվականին կազմել են 269 հազ. տոննա, ինչը հնարավորություն է տալիս բավարարել շուրջ 4 ամսվա պահանջարկը: Համեմատության համար նշենք, որ 2005 թվականի պաշարները թույլ էին տալիս ծածկել 2.5 ամսվա պահանջարկը, իսկ 2000-ին` ընդամենը 17 օրվա պահանջարկը:

Այսպիսով, դրական միտումներն ակնհայտ են` Հայաստանում աճում են թե՛ թողարկվող բերքի քանակը եւ թե՛ պաշարները: Արդյունքում, ցորենի ինքնապահովության խնդիրը Հայաստանում բավականին կայուն է: Սակայն չպետք է բավարարվել արդյունքներով, այլ, պարենային ապահովության խնդրին ռազմավարական նշանակություն տալով, առաջ քաշել առավել ամբողջական եւ հասցեական լուծումներ:

Ա. Ս.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4