Հայ մշակույթի շաբաթ Շտուտգարդում
Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքը եւ Շտուտգարդի մշակութային միությունը սեպտեմբերի 16-22-ը Շտուտգարդում անցկացվող «Հայ մշակույթի օրերը» գունեղ ծրագրով են ողջունում ՀՀ անկախության 20-ամյակը: Գերմանահայերի կազմակերպած միջոցառումների շարքում հարուստ ընդգրկում ունի հայ հոգեւոր, աշուղական, ժողովրդական, դասական երաժշտությունը: Մշակութային օրերի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 16-ին ժամը 19-ին Շտուտգարդի Լիիդերհալլեում Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի ողջույնի ելույթով, որին հաջորդեց երաժշտական բաժինը: «Հայաստանի ձայնը» վերնագրված համերգին ելույթ ունեցան Ռոբերտ Ամիրխանյանը եւ նրա երգերի մեկնաբան Սեդա Ամիր-Կարայանը:
Այսօր ժամը 14-ին Բադեն Վյուրթեմբերգի պատմության պալատում «Մեսրոպ Մաշտոցը եւ հայոց գրերը» զեկուցումով հանդես կգա պատմաբան Արտակ Մովսիսյանը: Դասախոսությանը կհաջորդի ամերիկաբնակ սոպրանո Պարիկ Նալբանդյանի մենահամերգըՙ Դորոթեա Շվարցի նվագակցությամբ: Այսօր երեկոյան ժամը 19-ին Նոյես Շլոսի Սպիտակ դահլիճում հայ աշուղական եւ ժողովրդական երգերի կատարմամբ ելույթ կունենա «Շողակն» անսամբլը:
Սեպտեմբերի 18-ի կիրակնօրյա միջոցառումները կսկսվեն նախ ժամը 11-ին Գյոփփինգենի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագով: Այնուհետ ժամը 15-ին Թեաթեր ամ Օլգաեք վայրում «Հայերը Գերմանիայում» դասախոսությամբ հանդես կգա ԳԿԽ նախագահ Ազատ Օրդուխանյանը: Իսկ ժամը 19-ին Ֆոյերզեի ս. Հովհաննես եկեղեցում հայ դասական երաժշտության համերգով ելույթ կունենան Նյուրնբերգի եւ Շտուտգարդի օպերային թատրոնների մենակատարներ սոպրանո Հրաչուհի Բասենցն ու մեցոսոպրանո Աննա Մանասյանցը, բարիտոն Գոռ Հարությունյանըՙ ավստրիաբնակ դաշնակահարուհի Գրետա Էրհարտեր-Սարգսյանի նվագակցությամբ:
Սեպտեմբերի 19-ին ժամը 17-ին ավետարանական Շթիֆթցքիրշեում մատուցվող էկումենիկ աղոթքին կմասնակցի նաեւ Մհեր Նավոյանի ղեկավարած Գեղարդ վանքի համանուն երգչախումբը, որ հաջորդ օրըՙ սեպտեմբերի 20-ին, ժամը 20-ին ավետարանական Շտադտքիրշեում ելույթ կունենաՙ ներկայացնելով հայ հոգեւոր երաժշտություն:
Սեպտեմբերի 19-ին ժամը 19-ին Բադ Քանշտատի Քուրզաալում «20-ամյա անկախ Արցախ» վերնագրյալ դասախոսությամբ հանդես կգա Բեռլինում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, այնուհետ գրող Յոխեն Մանգելզենը կներկայացնի «Հայաստան մոլորակ» իր նոր հրատարակությունը, իսկ գերմանաբնակ կոմպոզիտոր Սոնա Տալյանը օրը կամփոփի դաշնամուրի մոտՙ ներկաներին հրամցնելով վերջերս լույս տեսած իր «Անձրեւի կաթիլներ» ալբոմի կենդանի կատարումը:
Սեպտեմբերի 21-ին ժամը 20-ին Լիիդերհալլեի Մոցարտ դահլիճում տեղի կունենա մշակույթի օրերի բարձրակետըՙ հոբելյանական համերգը, որին վերը թվարկած արտիստների հետ կմասնակցեն նաեւ երեկոյի հատուկ հյուրերըՙ Հայդենհայմի Շիլլեր ուսումնարանի «Նոր կամերային» երգչախումբը եւ Սոնա Տալյան (դաշնամուր), Վաչե Բագրատունի (թավջութակ), Եվգենի Ժուկ (ջութակ) տրիոն, որ կկատարի Առնո Բաբաջանյանի Trio in F harp minor ստեղծագործությունը:
Մշակութային օրերը կեզրափակվեն սեպտեմբերի 22-ին ավետարանական Շթիֆթցքիրշեում. ժամը 18.30-ին երեկոյան ժամերգություն կմատուցի Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանըՙ սարկավագներ Արթուր Բաղդասարյանի եւ Արման Փիլիպոսյանի ծառայակցությամբ, այնուհետՙ 19.30-ին ելույթ կունենա Շտուտգարդի օպերային թատրոնի մեներգչուհի ճանաչված սոպրանո Կարինե Բաբաջանյանըՙ Կրաուդիո Ռիցցիի նվագակցությամբ:
Մեկ ամիս առաջ Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը փորձ էր արել գրաքննությամբ փոխել մշակութային ծրագրի «Անկախ Արցախ», «ԼՂՀ ներկայացուցիչ» արտահայտությունները, ինչը հայկական կազմակերպությունների աչալրջության պայմաններում ապարդյուն մնաց:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա