Հայաստանում թատերարվեստում համաշխարհային մշակույթը ներկայացնելու, հայ կատարողական արվեստը զարգացնելուն է միտված «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը: Ավանդական դարձած փառատոնը տարեցտարի ընդլայնվում է ու հեղինակություն ձեռք բերում, դառնալով համաշխարհային թատերական այնպիսի ցանցերի անդամ, ինչպիսիք են ASSLTEJ, IETM, IFEA-ը: «Ազգը» զրուցեց փառատոնի հիմնադիր եւ նախագահ Արթուր Ղուկասյանի հետ ու տեղեկացավ, որ 9-րդ միջազգային «Հայֆեստ»-ը այս տարի կներկայացնի այնպիսի նորարարական լուծումներով բեմադրություններ, որոնք առկա են համաշխարհային թատերական ցանցերում:
Հոկտեմբերի 1-8-ը Երեւանի 10 բեմում կներկայացվի 60 ներկայացումՙ 18 երկրներից ժամանած թատերախմբերի ու թատրոնների խաղացանկից: Մասնակից երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Հունգարիան, Լատվիան, Բուլղարիան, ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը եւ առաջին անգամ, Հնդկաստանը: Հայաստանից փառատոնին կմասնակցեն 5 թատրոն եւ թատերախումբ: Արթուր Ղուկասյանն ասաց, որ փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում հունգարական «Կապույտ մարդիկ» ներկայացումով, իսկ հոկտեմբերի 8-ին կփակվի Վրաստանի Կ. Մարջանիշվիլու անվ. թատրոնի եւ անգլիական «Մերկուրի» թատրոնի համատեղ ներկայացումովՙ «Կապիտան Կորելիի ընտրությունը»: Այս գործը, որը բեմադրել է Լեւան Ցուլաձեն (Վրաստան), կատարողական արվեստի յուրօրինակ սինթեզ է ու փառատոնի նորույթներից մեկը: Փառատոնի ներկայացումները կընդգրկվեն հիմնական եւ ֆրինջ, «ԱՐՄՍՖԵՍՏ» ուսանողական բեմադրությունների, տիկնիկային եւ մանկական ներկայացումների ծրագրերում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական եւ պարային ժանրերի ներկայացումներ: Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասընթացներ կանցկացնեն միջազգային փորձագետներ պրոֆեսոր Նոյել Վիթսը (Միացյալ Թագավորություն) եւ Baltic Circle միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութին (Ֆինլանդիա):
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայֆեստ»-ի նախագահը վերջին մեկ տարվա ընթացքում հրավիրվել է շուրջ 15 միջ. փառատոների, որոնց ընթացքում էլ ընտրել է լավագույն թատերախմբերին «Հայֆեստ-2011»-ի համար: Փառատոնի ընթացքում առաջին անգամ մեր երկրում կցուցադրվի Tango de soledad («Մենության տանգոն») 3D ներկայացումըՙ Բիլլի Քոուի բեմադրությամբ եւ «Պռոտոտայս» թատրոնը (Մեծ Բրիտանիա): Ի դեպ այս երկուսը մասնակցել են Էդինբուրգի փառատոնին: Իսկ ամենագրավիչ եւ հետաքրքրականը կլինի 5-10 սմ տիկնիկներից սարքված թատրոնը, որը խոշորացնող օբյեկտիվի միջոցով էկրանի վրա պատկերը կմեծացնի մի քանի տասնյակ անգամ: Մի խոսքով, Հայֆեստը Հայաստան է բերում աշխարհում կատարողական արվեստում եղած ամենավերջին նորույթները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ