«Ուրբաթ» ակումբի հյուրերն էին «Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կինո»-ի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը եւ անիմացիոն «Դաժան սիրավեպ» մուլտֆիլմի սցենարիստ, ռեժիսոր, նկարիչ Շավարշ Համբարձումյանը։ Պրն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լյուքսեմբուրգում կայացած համաշխարհային 73-րդ ոչ կոմերցիոն կինոփառատոնինՙ «UNICA-2011», Հայաստանն այս տարի առաջին անգամն է մասնակցել 7 ֆիլմով եւ եւս 1 մեկրոպեանոց ֆիլմով։ Փառատոնին մասնակցում էին 36 երկրներից ստացված գործեր, որոնց թվում Շավարշ Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» պլաստիլինե անիմացիոն 10 րոպեանոց մուլտֆիլմն արժանացել է արծաթե մրցանակի։
Իհարկե հայկական անիմացիոն ֆիլմերի շարքում նման հեղինակավոր փառատոնի մրցանակին արժանանալը եւ պատվաբեր է, եւ երկրի հեղինակության բարձրացում, ասում էր պրն Հովհաննիսյանը։ Փառատոնից հայերը վերադարձել են եւս մեկ մրցանակովՙ «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն» ցանցն արժանացել է ոսկե մեդալիՙ 22 տարի անց վերաբացվելու առթիվ։ Հիշեցման կարգով ասեմ, որ 1988-ին ցանցը ստացել էր ոսկե մեդալ «Դիրիժորներ» ֆիլմի համար։ Շավարշ Համբարձումյանը պատմեց, որ ֆիլմ նկարելու մտահղացումը եղել է պատահական եւ 9 ամիս քրտնաջան աշխատելուց հետո պլաստիլինե 36 րոպեանոց ֆիլմը ներկայացրել է նախ ընկերներին, իսկ հետո նաեւ Արտաշես Հովհաննիսյանին։ Ֆիլմը կրճատվել ու ադապտացվել է եվրոպական դիտողների համար ու դարձել 10 րոպեանոց, որն էլ արժանացել է մրցանակի։
Փառատոնին ներկայացրած ութ ֆիլմերից երեքի հեղինակները սփյուռքահայեր էինՙ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից։ Փառատոնի ընթացքում եղել են համագործակցության առաջարկներ, եւ ցանցն իր մասնաճյուղերն է բացել Բաթումիում, Թբիլիսիում, Շվեյցարիայում։ Այժմ էլ ընթանում են լայն համագործակցության ծրագրերի քննարկումներ, որի նպատակն է ՀՀ-ում զարգացնել ոչ կոմերցիոն կինոն։ Բոլոր մրցանակ ստացած ֆիլմերը կուղարկվեն փառատոնին մասնակցած 36 երկրներին, որոնց թվումՙ նաեւ «Դաժան սիրավեպ»-ը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ