Ալբենայում շարունակվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ տուրում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Մանուել Պետրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանն առաջին կես միավորները կորցրին: Մանուելը հաշտություն կնքեց Միխայիլ Անտիպովի հետ, իսկ Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց իր հայրենակից Կարեն Գրիգորյանի հետ:
Մանուել Պետրոսյանը մինչեւ 14 տարեկան պատանիների մրցաշարում 4,5 միավորով Միխայիլ Անտիպովի, Կրժիժտոֆ Դուդայի եւ Մուհամեդ Դաստանի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Առաջատարներին կես միավոր է զիջում Տիգրան Հարությունյանը, որը հաշտություն կնքեց Կիրիլ Ալեքսեենկոյի հետ: 3 միավոր է վաստակել Կարեն Հովհաննիսյանը, որը պարտվեց Դմիտրի Խեգային:
Հովհաննես Գաբուզյանն էլ Գլեբ Ապրիշկոյի, Դավիթ Անտոնի եւ Կոնստանտին Նեկոլոգորսկու հետ 4,5 միավորով մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատարն է: 4 միավոր ունի Կարեն Գրիգորյանը, 2 միավոր է վաստակել Զոհրակ Ապրեսյանը:
Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը, որն առայժմ անպարտելի է: Պատանի գրոսմայստերը սեւերով առավելության հասավ Գիլ Պոպիլսկու նկատմամբ: Տեր-Սահակյանը 4 միավորով 7-րդ տեղում է: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Զուրաբ Ջավախաձեին եւ Նիլս Գրանդելիուսին: Տուրը հաղթական էր նաեւ Հայկ Վարդանյանի համար: Նիկոլա Պոտպարայի նկատմամբ տոնած հաղթանակն առաջինն էր այս մրցաշարում: Հայկը եւս անպարտելի է: Նա ունի 3 միավոր:
Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում վստահ է խաղում Հայկ Մարտիրոսյանը, որը 4 միավորով առաջատարների խմբում է: 5-րդ տուրում Հայկը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Միլան Զայիչին: Հայ շախմատիստն ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Յորդեն վան Ֆորեստից: 3,5 միավոր ունի Միքայել Մկրտչյանը, 3-ական միավոր են վաստակել Էդուարդ Հարությունյանն ու Կոնստանտին Յայլոյանը:
Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում Արամ Հակոբյանն ունի 3,5, Շանթ Սարգսյանըՙ 2,5 միավոր: Այստեղ առանց միավորի կորստի է ընթանում ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոնՙ հաղթելով բոլոր 5 պարտիաներում:
Հայ շախմատիստուհիներից առայժմ բոլորից հաջողը մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակից Արփինե Գրիգորյանի ելույթն է: Նա 4 միավորով 7-րդ տեղում է: Արփինեն հաղթեց Մելիս Գաուֆրեթեային: 3,5 միավոր ունեցող Մանե Ադամյանը ոչ-ոքի խաղաց Խանիմ Բալայաեւայի հետ, իսկ ահա Անի Դավթյանը (3 միավոր) անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Նադիա Շպանկոյին: Առաջատարները 5-ական միավոր վաստակած Աննամարիա Մարյանովիչն ու Կիգդեմ Օնուրն են:
Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում մեր պատվիրակներից լավագույնը Սոնա Ասատրյանի ելույթն է (3,5 միավոր): Նույնքան միավոր է վաստակել մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակից Մարիա Գեւորգյանը: