Այսօր Բուխարեստում կավարտվի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների ավարտական օրը Հայաստանից մրցահարթակ դուրս կգան գերծանրքաշայիններ Գոռ Մինասյանն ու Հայկ Հակոբյանը: Գոռը հանդես կգա մինչեւ 20 տարեկանների մրցաշարում, իսկ Հայկը կմասնակցի մինչեւ 23 տարեկանների մրցավեճին: Մեր երկու դյուցազուններից էլ մեդալների ակնկալիքներ ունենք: Հիշեցնենք, որ Գոռը օգոստոսին Լեհաստանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում գերազանց ելույթ էր ունեցելՙ երկամարտի 390 կգ (181+209) արդյունքով նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Հայկն էլ անցյալ տարվա նոյեմբերին Լիմասոլում կայացած մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթող է ճանաչվել երկամարտի 390 կգ (180+210) արդյունքով:
Մրցումների հերթական օրը պարգեւները վիճարկեցին մինչեւ 85 կգ քաշային պատանիներն ու մինչեւ 75 կգ քաշային աղջիկները: Պատանիների մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ ռուսաստանցի Արտյոմ Օկուլովը, որը երկամարտում ցույց տվեց 353 կգ (158+195) արդյունք: Արծաթե մրցանակակիր դարձավ նրա հայրենակից Վիկտոր Խարչենկոնՙ 345 կգ (151+194): Բրոնզե մեդալը բաժին հասավ բելառուս Ալեքսանդր Բեռնանաուին, որը երկամարտում ցույց տվեց 344 կգ (153+191) արդյունք:
Մինչեւ 75 կգ աղջիկների մրցապայքարում հաջողությունն ուղեկցեց թուրք Հատիչե Յիլմազին, որը հաղթող ճանաչվեց երկամարտի 220 կգ (98+122) արդյունքով: Նրա առավելությունը մրցակիցների նկատմամբ բացահայտ էր: Նա 26 կգ-ով առաջ անցավ արծաթե մեդալակիր, լեհ մարզուհի Կատարզինա Լիսեւսկայից, որը երկամարտում ցույց տվեց 194 կգ (89+105): Բրոնզե մրցանակակիր, Սլովակիան ներկայացնող Էլեոնորա Գոգորովան էլ 26 կգ-ով զիջեց Լիսեւսկային: