«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ՍԿՍՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 3-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր աշխատանքներն սկսեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական 3-րդ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են 46 երկրներից 550 ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են սփյուռքյան 151 կազմակերպություններ: Ներկաներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց եւ սրտանց շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը հույս հայտնեց, որ համաժողովը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանըՙ ի շահ հայության խաղաղ ու բարեկեցիկ ապագայի: «Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում: Այն 10 միլիոն հայերի զորության խորհուրդն ունի եւ հպարտություն է առաջացնում: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծում տասնամյակների ընթացքում եւ կշարունակի լուծել: Հայ ժողովրդին միավորում են մեր ազգային իղձերն ու Հայաստանի ճակատագիրը: Մեր բոլոր մտքերը, ապրումները, երբեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հանդարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսեւորումը ընդհանուր առմամբ ունեն մեկ նպատակՙ տեսնել վաղվա Հայաստանն ավելի լավ, ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հայությունն ավելի համախմբված, ավելի կուռ ու կազմակերպված: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ընդհանուր նպատակները», ասաց նախագահը ու բարձր գնահատեց Սփյուռքի դերը:

«Օտար ափերում նոր սերնդին հայախոս պահելու, իր արմատներին կառչած պահելու, հայրենիքին մոտ պահելու հրամայականը կա, եւ կա դրան հակասող հանգամանքների, պայմանների, գայթակղությունների ծով....», ասաց նախագահը եւ հիշեցրեց, որ մեծ կորուստներ ենք ունեցել: «Սփյուռքն ու հայրենիքը պետք է դառնան միմյանց շարունակությունը բոլոր առումներով», ասաց Ս. Սարգսյանը եւ շեշտեց, որ հայ ինքնության կարեւոր գրավականը մայրենի լեզուն է: Այնուհետեւ անդրադառնալով արեւմտահայերենի խնդրին նշեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են արեւմտահայ գրական լեզվին սատար կանգնելու համար, որը գրաբարի, միջին հայերենի եւ գրական արեւելահայերենի հետ միասին կազմում է մեր մեծագույն հարստությունը: Նա համաժողովին մաղթեց արգասաբեր աշխատանք եւ առարկայական արդյունք, վերահաստատելով, որ Հայաստան-Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել:

Այնուհետեւ համաժողովին բարեբեր ընթացք եւ օրհնություն մաղթեցին Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հոգեւոր առաջնորդներ, ավանդական կուսակցությունների իրավ եւ կեղծ ներկայացուցիչներ եւ այլք, որոնք, հատկապես ՀՅԴ ներկայացուցիչները, շատ խիստ անդրադարձան մեր երկրում տիրող կաշառակերությանը, սոցիալական պայմաններին, որոնք գնալով էլ ավելի են խորանում ու դառնում հայրենիքից հեռանալու հիմնական պատճառ: Արվեցին առաջարկներ օրեցօր եռապատկվող արտագաղթը կանխելու եւ դրա շուրջը լուրջ գործառույթներ իրականացնելու համար:

ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, հետեւաբար հայրենիքում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր սփյուռքահայ, գալով Հայաստան, իրեն զգա ինչպես իր տանը»: Այնուհետեւ պրն Աբրահամյանն անդրադարձավ վերջին տարիների ձեռքբերումներին, որոնք միտված են հայրենիք-սփյուռք համատեղ գործունեության արդյունավետությանը: «Մեր գործունեության հետագա զարգացումները, ասաց պրն Աբրահամյանը, պահանջում են ձեւավորել Հայաստան-Սփյուռք համագործակցության ժամանակակից համակարգ, նոր մեխանիզմներ: Շատ կարեւոր է լիակատար օգտագործել մե բոլորի հնարավորությունները միջազգային հարաբերություններում հայկական ինքնուրույն գործոնի ամրապնդման համար: Խիստ անհրաժեշտ է բարձրացնել աշխարհում մեր ազգային մրցունակությունը»: Այնուհետեւ կարեւորելով Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր հավատի պահպանության, հայապահպանության գործում, ցանկացավ Հայ առաքելական եկեղեցին տեսնել միավորված: Նա արեց մի շարք առաջարկություններ հետագա գործունեության բարելավման վերաբերյալ, որոնք վերաբերում էին Համազգային խորհրդի ձեւավորմանը, տնտեսական ոլորտում բիզնես նախագծերի կենտրոնի ստեղծմանը, համահայկական տեղեկատվական կենտրոնի եւ «Վիրտուալ Հայք» ծրագրի իրականացմանը, երիտասարդության մասին օրենքի ընդունմանը:

Ողջույնի խոսքերն ու ելույթներն ամփոփելուց հետո համաժողովի մասնակիցները ներկա եղան ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած տոնական ընդունելությանը:

Կեսօրին համաժողովն ընթացավ ըստ թեմատիկ նիստերիՙ «Լեզվի եւ կրթության հիմնախնդիրներ», «Երիտասարդության հիմնախնդիրներ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջՙ տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության մասին» վերնագրերով: Ցեղասպանության թանգարանում թեմատիկ նիստին նախապես ցուցակագրված 17 ելույթ ունեցողներից 7-8-ը ներկա չէին նիստին, եւ նիստավարը ստիպված եղավ ելույթի հրավիրել նաեւ ներկա գտնվողներին, որոնցից շատերն արտահայտվեցին առանց նախապես պատրաստված լինելու, փնթի եւ վայրիվերո: Բացառություն կազմող մի քանի ելույթների մեջ ուշագրավ էր ՌԱԿ ներկայացուցիչ, հայտնի մտավորական ու քաղաքական վերլուծաբան Երվանդ Ազատյանի պատրաստած խոսքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4