«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՕԿՈՒՊԱՑՄԱՆ» ԹԵՄԱՆ` ԿՐԿԻՆ ՄԱԿ-Ի ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ

Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին Ադրբեջանը քվեարկությունից հանեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացված բանաձեւը: Հերթական անգամ, հերթական հակահայկական ձեւակերպումներով ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանի օրակարգում քվեարկության էր դրվելու մի նախագիծ, որը շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանը:

«Միջազգային հումանիտար եւ մարդու իրավունքների միջազգային նորմերի պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անվանումը կրող բանաձեւի նախագիծը, որ, որոշ տեղեկությունների համաձայն, կարող էր քննարկման առարկա դառնալ 2010-ի սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական` 64-րդ նիստում, ի հայտ էր եկել դեռեւս հուլիսի սկզբներին, սակայն այդպես էլ բանաձեւ չդարձավ:

Այս տարի էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է կրկին մտցվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կետ, որին նախատեսվում է անդրադառնալ լիագումար նիստում` «Գլոբալ խաղաղության ու անվտանգության պահպանումը» թեմայի շրջանակներում: Այս անգամ էլ, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կարող է հանվել կամ հետաձգվել` այդպես էլ չքննարկվելով:

Սրա բացատրությունն ամենից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ՄԱԿ-ում ղարաբաղյան հարցին առնչվող քննարկումներին դեմ լինելու հանգամանքն է, որը ոչ միայն չի խրախուսվում, այլեւ գնահատվում է որպես բանակցային գործընթացի խոչընդոտում: Իսկ այն, որ Ադրբեջանը կրկին նշված թուղթն առել ու հայտնվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջանցքներում, վկայում է, որ Ադրբեջանը լավ չի հասկանում դա, կամ էլ բացատրողներն են թերանում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4