Սեպտեմբերի 17-ին Թեհրանում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ Մահմուդ Ահմադինեժադը, պատմական եւ հինավուրց բնորոշելով հայ-իրանական հարաբերությունները, նշել է, որ Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների զարգացող համագործակցության առումով:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերովՙ պատմության ընթացքում երկու հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր առավել ամրապնդվում են: Հայաստանի արտգործնախարարն էլ շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ չկան խնդիրներ, եթե կան տեխնիկական հարցեր, ապա դրանք լուծվում են ընդհանուր ջանքերով:
Նախարարներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, մշակութային փոխանակումների ենթատեքստում էլ կարեւորվել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը: Նախարարները մտքեր են փոխանակել զբոսաշրջության խթանման ուղիների շուրջը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն հաջորդ տարի նշվելիք Հայաստանի եւ Իրանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշել է. «Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին»:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Երեւան այցելելու Ալի Աքբար Սալեհիին արված հրավերը:
Ա. Հ.