«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է սեպտեմբերի 21-ին մասնակցելու Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսին, սակայն երկու նախկին նախագահներն էլ մերժել են հրավերը: Քոչարյանի գրասենյակից պարզաբանել են, որ այդ օրերին ՀՀ երկրորդ նախագահը մասնավոր այցով գտնվելու է արտասահմանում, իսկ ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանում չի լինելու:

«Մենք նպատակահարմար չենք գտնում ավազակապետերի հետ մասնակցել խրախճանքի, մենք միայն նրանց հետ նստում ենք երկխոսության` բանակցելու երկրի ապագային վերաբերող հարցեր: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդուներ զորահանդեսը, ապա մեծ հաճույքով կմասնակցեր», ՀՀ առաջին նախագահի` զորահանդեսին մասնակցության հրավերը մերժելն այսպես է մեկնաբանել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Կարծում ենքՙ անկախության 20-ամյա հոբելյանն այնպիսի առիթ է, տոն եւ իրադարձություն, որ մեր նախագահները պետք է գոնե մեկ օրով մոռանային քաղաքական հայացքները, պայքարը, անձնական ու քաղաքական շահերը եւ հասարակությանն ու աշխարհին ապացուցեին, որ հայերն էլ կարող են լինել միասնական: Սա երեք նախագահների համար էլ հպարտության տոն պետք է լիներ: Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրն իր լուման է ներդրել անկախ Հայաստանի կերտման ու կայացման գործում: Փաստորեն անկախությունը մեզանից շատերին չսովորեցրեց, որ կարեւորագույն պահերին պետք է լինել միասնական, ու որ ամենադժվար ու անելանելի իրավիճակներում մեզ փրկել են հայրենասիրությունն ու համախմբվածությունը: Անկախության ձեռքբերումը, Շուշիի հաղթանակն ու Արցախի հերոսամարտը դրա ապացույցն են:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4