«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆՙ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ, ՎԻՃԱԿՆՙ ՕՐՀԱՍԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության պարենային ապահովությունն ու անվտանգությունը հանրության թիվ 1 մտահոգությունն է: Եվ այնքանով, որքանով պետության հարաբերական հարստացման պայմաններում մեր մարդկանց որոշակի մասը շարունակում է աղքատ մնալ, հասարակական կյանքում տեղի են ունենում խիստ անցանկալի երեւույթներ: Իշխանությունների ցանկություններըՙ ինչ-ինչ ձեռնարկումների օգնությամբ բարելավել մարդկանց առօրյան ու հանրային կյանքը, տեսանելի ու շոշափելի արդյունքների չեն հանգեցնում: Ինչո՞ւ. որովհետեւ հիմնական նպատակ է համարվում հարստացնել պետությունը, դարձնել գրավիչ ու ժամանակակից, երկրորդ պլան մղելով կոնկրետ մարդուն ու նրա ընտանիքը: Մասամբ հաջողում են, ի հայտ են գալիս տեխնիկա-տեխնոլոգիական կենտրոններ, առանձնատնային ու բազմաբնակարան էլիտար թաղամասեր, գերժամանակակից սպասարկման ու հյուրանոցային համալիրներ, նոր ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտներ: Բայց դրանցից ինչ հանրային այն հսկա զանգվածին, որ մարդ-արարածին միջին մակարդակով ապրել-արարելու համար օրական անհրաժեշտ մոտ 3000 կիլոկալորիայի դիմաց հազիվ 2000 կիլոկալորիա պարունակող սննդից են կարողանում օգտվել: Իշխանություն ունեցողները, ում հոգսն ու գործը պետք է լինեն այս վիճակի հաղթահարումը, հիմնականում բավարարվում են ընդհանուր ու ընդհանրական մտահոգություններ արտահայտելով, երբեւէ չփորձելով պարզել աղքատություն առաջացնող հիմնական գործոններն ու պատճառները: Այցելելով այն հատուկենտ տնտեսությունները, ուր պետության աջակցությամբ մշակված հացահատիկի դաշտից ոգեւորիչ բերք է աճեցվել, նշելով այս հաջողությունը, ոչինչ չի ասվում այն մերձակա հարյուրավոր հեկտարների մասին, որոնք անմշակ են թողնվել, եւ որոնց տերերը պարզապես անօգնական ու մոռացված են: Բարի եղեք նման տնտեսություններ էլ այցելել, հետաքրքրվել, թե ինչու մարդն աշխատել-արարելու ցանկություն ու հնարավորություն չունի, անիծում է ում ու ինչ պատահի, որի ականատեսն ու ունկնդիրն ենք դառնում գյուղական համայնքների առօրյայի վերաբերյալ հեռուստահաղորդումներից ու տպագիր մամուլի էջերից:

Պաշտոնական տեղեկատվության համաձայնՙ էլ ավելի տխուր են առեւտրային որոշակի գործունեություն ծավալող պարենմթերքներ արտադրող կազմակերպությունների ցուցանիշները: Այն պայմաններում, երբ նորանոր ընկերություններ են ստեղծվում, ասենք, կաթ վերամշակող ձեռնարկություններ, թվում էՙ գյուղաբնակների վիճակը մասամբ պետք է լավանա: Հարկ է, որ առեւտրի օբյեկտների ցուցափեղկերում հայտնվող կաթնամթերքների տեսականին ինչ-որ ձեւով արտացոլվի անասնապահների գործունեությունում, ավելանան կովերի գլխաքանակն ու կաթնատվությունը, քանզի նոր ընկերությունների ի հայտ գալը այս բիզենսի շահավետության պարզ ապացույց է: Բայց նման ոչինչ չի արձանագրվում, հակառակը` անասնագլխաքանակի ու կաթի համախառն արտադրության անկում է արձանագրվում: Վերջին 3 տարիներին ՀՀ-ում կովերի գլխաքանակը նվազել է ամբողջ 30 հազար գլխով կամ 10 տոկոսով: Գլխաքանակի աննշան աճ, 2200-ից 2400 գլուխ, արձանագրվել է ոլորտի հիմնական առեւտրային կազմակերպություններում, որտեղ էլ տարօրինակորեն կովերի միջին կաթնատվության նվազում է արձանագրվել: Հիշատակված վերջին գլխաքանակից 2009-ին ստացվել է 4,3 հազար տոննա կաթ, 1 կովի կաթնատվությունըՙ հազիվ 1800 լիտր: Բայց չէ՞ որ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով Ավստրիայից ներկրված մինչեւ 12000 լիտր տարեկան կաթնատվություն երաշխավորող կովերի ողջ գլխաքանակը այս տնտեսություններում է, մշտապես է հիշեցվում կատարված հատկացումների լուրջ արդյունավետության մասին: Ո՞ւր է այն, որը չենք տեսնում ոչ գների կայունացման կամ նվազման, ոչ կաթնամթերքի որակական ցուցանիշների բարելավման արդյունքում: Թե ո՞ւր են տանում խոշոր տնտեսվարողներն իրենց տնտեսությունները այսօրինակ գործունեությամբ, ի՞նչ նպատակ են հետապնդում բիզնեսները անարդյունավետ ներկայացնելով, իրոք դժվար է հասկանալ: Մի պահ հավատանք, որ նրանց ներկայացրած տվյաներն արտացոլում են իրավիճակի իրական պատկերը, եւ տնտեսվարողները գները բարձրացնելուց զատ այլ ելք չունեն: Այս դեպքում ի՞նչ խնդիրներ է լուծում պետական ապարատը, որը, պարզվում է, ոչ սակավաթիվ է, հետն էլ բազմագլուխ, որը մաս-մաս գլխատելու ցանկություն է առաջացել: Դրանցից գլխավորներից մեկումՙ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում վերջին 4 տարիներին 4-րդ նախարարն է պաշտոնավարում: Դրսից եկող այս բարձրաստիճան պաշտոնյաները այն են անում, որ իրենց պատկերացումներին համապատասխան գյուղատնտեսական ռազմավարության փաստաթղթեր են հեղինակում, չնկատելու տալով, որ դրանց իրականացումը դրվում է այն նույն մարդկանց վրա, ովքեր չեն իրականացրել նախորդ նախարարների պաշտոնավարման շրջանում նույնատիպ կանխատեսումները: 2010 թվականի համար ծրագիր կար ՀՀ-ում ունենալ 350 հազար կով, 2,2 հազար լիտր միջին տարեկան կաթնատվությամբ: Յուրաքանչյուր ոք կնկատի, որ սրանք ոգեւորություն առաջացնող թվեր չեն, բայցեւ դրանք էլ են անիրագործելի դարձել. 270 հազար կով եւ մոտ 2000 լիտր կաթնատվություն, ահա նախորդ տարվա պատկերը: Ուրիշ ի՞նչ գնահատական տալ, երբ կաթի կանխատեսվող արտադրությունը պակաս է ամբողջ 25 տոկոսով, որը հարկ է որ մտահոգի նաեւ գյուղական տարածքների համար պատասխանատու այլ պետական կառույցներին: Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական ոլորտում ընդգրկված են շատ ու շատ պաշտոնյաներ, սկսած վերջին տարիներին իրար հաջորդող նախարարներից, մինչեւ նրանց միջին դիրքի ու որակների պաշտոնյաները, մարզպետարանների ու համայնքապետարանների աշխատակիցները, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարներն ու մասնագետները, այլք: Նրանց դժգոհողների, երկիրը լքողների մեջ չենք հանդիպում, քանզի բաց դաշտավարությունում լինի թե անասնապահական համալիրներում, այգիներում թե գյուղսպասարկման ոլորտներում, իրենց գործունեությունը հաջողություն բերում է, եկամուտ երաշխավորում է: Թե ինչու այս նույնը չի ստացվում իրենց հողամասի հարեւանությամբ գտնվող դրկից հարեւանի մոտ, հասկանալը բարդ չէ: Որովհետեւ հիշատակված խմբերը առավել նպաստավոր դիրքեր են զբաղեցնում ջրամատակարարման, պարարտանյութերի ձեռքբերման, տեխնիկայից օգտվելու, գյուղգործունեության մյուս ոլորտներում: Նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձր է ստացվում, որն էլ արտացոլվում է արտադրածի իրացման ընթացքում, ներքին ու արտաքին շուկաները զբաղեցնելու գործում: Այս վիճակը շահավետ է նրանց համար, ուստի նրանք այն փոխելու որեւէ ցանկություն կամ տրամադրություն չեն ցուցաբերում: Իսկ թե ինչքանով է այն ձեռնտու պետությանը, ուրվագծվում է բարձրագույն այրերի ընդհանրական մտահոգություններում, որոնցում տարօրինակորեն օրհասականի զգացում չի նկատվում: Թե ե՞րբ է նրանց մեջ հասունանալու այս պահը, դժվար է ենթադրել. թերեւս երբ ՀՀ գյուղերում իսպառ կդադարեն հարսանիքները, էլ ավելի կնվազեն ծնունդները, կփակվեն անհատների ու դպրոցների դռները:

Գյուղաբնակը համոզված է, որ այս վիճակն իրոք չի մտահոգում պաշտոնյաներին, այլապես իրենց վրդովմունքից մինչեւ դժգոհությունների վերածվող տրամադրությունների փոխարեն դրական առումներով փոփոխություններ կնկատվեին, մարդիկ հուսալքությունից չէին լքի իրենց հայրական տնտեսություններն ու օտար երկրներում չէին փնտրի մարդկային փոքր-ինչ բարեկեցիկ ապրելու փափագը: Երկրների դասակարգման առումով ՀՀ ինչ-ինչ գործոնների մասնագիտական նպաստավոր հիշատակումներն էլ ոչինչ չեն ասում մեր մարդկանց, քանզի դրանցից որեւէ մեկն անգամ չի արտացոլվում իրենց կենցաղում, հայաստանաբնակների բացարձակ մեծամասնությունը շարունակում է սնվել օրը 2200-2300 կիլոկալորիա կազմող սննդաբաժնով: Սա այն դեպքում, երբ տարիներ առաջ են երբեմնի աղքատ հարեւաններ Իրանն ու Թուրքիան հաղթահարել 3000 կիլոկալորիայի ցուցանիշը, իսկ Եվրոպան 3500 կիլոկալորիայի շրջակայքում է: Աղքատ դասվող մեր մարդկանց սննդաբաժնում էապես պակաս է մարդ-արարածին առաջնահերթ անհրաժեշտ սպիտակուցների ու ճարպերի մասնաբաժինը: Ցավով ենք հարցնում, թե ինչո՞ւ, քանզի մեզանում էլ կա հայրենի հասարակական այն դասը, հանձինս պետական բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների, ովքեր կոչված են տեսանելի ժամանակահատվածում տանելի պայմաններ ստեղծելու ողջ հանրության համար: Այս ակնկալիքը մեր մարդիկ տածում են արդեն 2 տասնամյակ, հույս հայտնում, որ հերթական ղեկավարը, նրա կանխանշած բարեփոխումը կնպաստեն նաեւ իր առօրյայի դրական փոփոխությանը: Ավաղ ասենք, քանզի այս ամենում առավել ընդգծվում են վաղվա օրվա հանդեպ անորոշությունը, պարբերաբար իր տեղն ամրապնդող հուսալքության զգացումը, շատերի համար` իրական հուսալքվածությունը: Այստեղ մտահոգիչը գյուղաբնակի տրամադրությունն է, նրան իրապես օգնելու տրամադրվածությունը. այն, թե այստեղ հնարավոր ամեն ինչ արվում է, բարի եղեք նրան ասել, որն առայժմ փոխարինվում է ընդհանուր ու ընդհանրական բնույթի մտահոգություններ արտահայտելով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4