«Ազգ»-ի սեպտեմբերի 7-ի համարում Մամուլի ազգային ակումբի նախագահ, հրապարակախոս Նարինե Մկրտչյանի «Ես մեղադրում եմ» վերնագրով հոդվածը ընթերցողական միջավայրում շատ լայն արձագանքի արժանացավ: Թերթին ուղղվածՙ գերազանցապես դրական-համախոհական արձագանքներն իրենց անդրադարձումները գտան նաեւ ինտերնետային սոցիալական ցանցերում, ակտիվ բանավեճերի ու քննարկումների առիթ տալով: Այդ արձագանքներից ընտրեցինք երկուսը, մեկը դրական եւ մյուսը բացասական, երկուսն էլ ստորագրված մեր աշխատակիցների կողմից (ի դեպ, Ն. Մկրտչյանն էլ շուրջ 3 տարի որպես լրագրող մասն է կազմել «Ազգ»-ի աշխատակազմին), որոնք հրապարակում ենք ստորեւ:
Ես մեղադրում եմ Նարինե Մկրտչյանին այն բանի համար, որ իր համակարգչում տեղադրված ծրագրային ապահովման գրեթե 100%-ը «գողացված» է: Եթե նույնիսկ այդ ծրագրերի ոչ հայրենական մասի «գողությունը» կարելի է հասկանալ (Բիլ Գեյթսը չի սնանկանա Նարինեի պատճառով), ապա մեղադրում եմ, որ հայրենական ծրագրային ապահովման գրեթե 100%-ը «գողացված» է մեր համաքաղաքացի մասնագետներից (տառատեսակներ, ստեղնաշարի կառավարման ծրագիր եւ այլն):
Գրում եմ, որ «մեղադրում» եմ եւ ինքս ինձ վրա զարմանում: Մտածում եմ, թե ինչպես մեր Նարինեին մեր իսկ «Խորհրդային Հայաստանի նոմենկլատուրան վարժեցրել էր կոռումպացված, անարդար եւ անօրեն երկրում ապրելու», ապա «ճզմել» են հարգարժան Նարինեից «օրինականությունը եւ արդարությունը»:
Դա դեռ քիչ էր...
Որտեղից որտեղ գալիս է «Ղարաբաղ» կոմիտեն, եւ «... ուխտադրուժ եղան` ոտնատակ տալով ազատ, անկախ, արժանապատիվ, արդար, ժողովրդավարական պետություն կայացնելու իրենց իսկ սերմանած ծիլերը»:
Դա էլ բավական չէր... Գալիս է «... Հայոց Համազգային Շարժումը, որը, սկզբնապես լինելով նոր հասարակարգի, նոր արժեհամակարգի, անկախ պետականության ջահակիրը, վարկաբեկեց-անվանարկեց-ոտնահարեց այդ արժեքները»:
Կարծում եք դրանով ավարտվե՞ց... Սխալվում եք: Մեր Նարինեին դեռ շատ փորձություններ էին սպասում... Մեծ կազմ եկավ, ու դրա մեջ էին ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու ծլում է Արարքցյանը:
Եվ որ ոչ մեկի մտքով չանցնի, թե այդ «հոգու ճիչը» արդարացի եւ տեղին է, հնչում է նաեւ ինքնաքննադատություն... Բա ոնց... Ուրեմն եւ իմ մեղադրանքը տեղին է, եւ միայն լրացնում է Նարինեի այդ ինքնաքննադատությունը:
Ըստ էության ...
Հարգելի Նարինե... Մենք չունենք հնարավորություն Վրաստանից Միխեիլ Սաակաշվիլուն մեր նախագահ նշանակելու («ցավոք») եւ չունենք հնարավորություն, որ մեր ՄԵԾ գաղափարներն իրականացնեն «ՄԵԾ» անձնավորությունները: Եվ չենք կարող այդպիսի հնարավորություն ունենալ, քանի որ մեր մտավորականներին ժամանակին «վարժեցրել» եւ «ճզմել» են, իսկ ավելի ճիշտՙ քանի որ անպատասխանատու «մտավորականներն» իրենց իրավունք են վերապահում խոսել եւ գործել ԺՈՂՈՎՐԴԻ անունից ու վերածել այդ ԺՈՂՈՎՐԴԻՆ «ընդմիշտ անպատասխանատու բողոքավորների» ու «լացկանների»: Իսկ 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի վերջին տարբերակը համոզում էր մեզ, որ «Նարինեն» եւ մեծամասնությունն ունեն մեծ ներուժ, որ ընդունակ են կառուցելու ԱՆԿԱԽ ու ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ:
Եվ ես, հարգելի Նարինե, չեմ համաձայնում Ձեր մեղադրանքների ներքին տրամաբանությանն ու ուղղվածությանը, եւ Ձեր կոչը դիտում եմ որպես միջոցՙ Հայաստանում ԱՆՏԱՆԵԼԻ հոգեբարոյական մթնոլորտ ստեղծելու, որպեսզի արթնացնեք «ԱՄԲՈԽՆԵՐԻՆ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ»:
Վ. ՄԱՐԿԱՐՅԱՆ