«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԻՆԵԻՆ

«Ազգ»-ի սեպտեմբերի 7-ի համարում Մամուլի ազգային ակումբի նախագահ, հրապարակախոս Նարինե Մկրտչյանի «Ես մեղադրում եմ» վերնագրով հոդվածը ընթերցողական միջավայրում շատ լայն արձագանքի արժանացավ: Թերթին ուղղվածՙ գերազանցապես դրական-համախոհական արձագանքներն իրենց անդրադարձումները գտան նաեւ ինտերնետային սոցիալական ցանցերում, ակտիվ բանավեճերի ու քննարկումների առիթ տալով: Այդ արձագանքներից ընտրեցինք երկուսը, մեկը դրական եւ մյուսը բացասական, երկուսն էլ ստորագրված մեր աշխատակիցների կողմից (ի դեպ, Ն. Մկրտչյանն էլ շուրջ 3 տարի որպես լրագրող մասն է կազմել «Ազգ»-ի աշխատակազմին), որոնք հրապարակում ենք ստորեւ:


«Ատում եմ, ավաղ, ե՛ւ հայրենիքը-

Պերճ արոտավայրը հարուստների ցոփ.

Որի հողն արնոտՙ անդուլ հերկողը

Չոր քար է կրծում իր հացի հանդեպ»:

Ավ. Իսահակյան


Անկախության 20-ամյակի միջոցառումներին դեմ հանդիման, որքան էլՙ աշնանային գույների բնական հրավառության եւ հոբելյանական պատվանդանային տոնականության, երկրի ընդերքից բարձրանում է իր քաղաքացու, բարեբախտորեն դեռեւս պահպանված արժանապատվության նույնքան բնական ընդվզումի ձայնը:

Հիմա, երբ ամեն ընտանիքում, ամեն փողոցում ու սրճարանում, դպրոցում թե համալսարանում, ակադեմիայում թե թանգարանում, հիվանդանոցում, բանկերում, ամենուր նույն միալար դժգոհությունն է, նույն անբավարարությունը, նույն փախուստը, նույն հուսահատությունը, նո՛ւյնը, նո՛ւյնը-այսպես խոսում են վարորդը եւ վաճառողը, բժիշկը եւ գրողը, գիտնականը եւ ուսուցիչը, վարսավիրը եւ չինովնիկը, բոլորը, եւ դա հնչում է երբեմն որպես խուլ տրտունջք, երբեմն ցավ կամ մտահոգություն, նաեւՙ հայհոյանք ու անեծք, երբեմն համակերպվողի նվաղող հուսահատություն, բայց այդուհանդերձ, սպասումը կա, դեռեւս մնում է... այն չի մարում: Մոլորված բազմության սպասումի ու մեղադրանքի արձագանքն է հնչեցնում Նարինե Մկրտչյանը, եւ նրա մեղադրանքը ընկալվում է որպես հավաքական ճիչՙ ընդդեմ արճճի պես ծանրացած մթնոլորտի, ընդդեմ աղավաղվող, ապականվող կյանքի, ցինիկ դավանանքների: Եվ ամենագլխավորըՙ այն հնչում է քաղաքացիական արժանավայել կեցվածքով, մտավորականի զտարյուն շնչառությամբ, խոսքի զուսպ ինտոնացիայով: Սա ձայնն է 1988-ից դեռ Անկախության հրապարակին որդեգրված այն բյուրավոր հայերի, ովքեր միամտությունը ունեին երազելու օրինապահ, ազատ հայրենիք եւ արդարամիտ հասարակություն, ովքեր հիմա թեւաթափ անտունի են, գլխիկոր պարտվածներՙ անկախության օրերի ծնունդ իրենց զավակների առաջ, որովհետեւ նրանք ամենահարմար առիթի պատրաստ են լքելու երկիրը: Երկիր, որ իրենց հայրերի ու պապերի ապաշնորհությունից ահա վերածվում է անգոյության անապատի, որովհետեւ անապահով է ապագան ու անպաշտպան, քանի որ անարգված է Խիղճը, արհամարհված Միտքը, ոտնահարված Բարոյականությունը:

Մենք անհույս երազողները չէինք, երբ արդարության եւ ճշմարտության որոնմանն էինք մեր ժամանակն ու նյարդերն ուղղում: Որովհետեւ ափաչափ մի հայրենիքՙ մի բուռ ժողովրդի, միայն ապաշնորհներն ու ավազակները կարող էին վերածել բանաստեղծի խոսքերով ասած. «Պերճ արոտավայր հարուստների ցոփ»: Եվ արդարացման հանգամանք փնտրել, թե պատերազմ էր, շրջափակում, կամ փլուզում, ինքնախաբեություն է, որովհետեւ մեր ներսն է փտած-փլուզված, որովհետեւ թալան եղավ շարունակական եւ ավեր, որովհետեւ ով եկավ օրինախախտ դարձավ, ընչաքաղցության ծարավով եւ սեփական ժողովրդին հարստահարելու ու հարստահարվածին ոտնահարելու բնազդներով կառավարեցին նրան: Պարզապես մեր բախտը չբերեց. մեզ պակասեց մի փոքր անանձնականությունը ու պետականամետությունը, արդարամտությունը: Որքա՜ն անփառունակ էր ճանապարհն այս ազատությանՙ փոշոտ, հուսալքված:Շնորհակալություն Նարինե Մկրտչյանին, որ այս անդիմագիծ, պղտոր, սայթաքած ժամանակների մեջ իրՙ ՀՀ քաղաքացու, իր երկրի ու նրա ժողովրդի հպարտության ձայնն է բարձրացնում: Եվ ապտակն այսՙ մեր օրերի խղճին ուղղված, պիտի անցնի՞ անհետեւանք, թե՞ պիտի սթափեցնի նրանց, ովքեր արհամարհելի ու անթիավարելի դարձրին երկրի օրերն այս իրենց բարոյազրկությամբ, ջարդեցին ողնաշարը մի ողջ հասարակությանՙ վերածելով անուսյալ, անկիրթ, անդեմ ամբոխի, ձեւավորելով հաճկատարի իրենց հարազատ կերպարըՙ տխեղծ ու վախկոտ:

Շարունակելո՞ւ են ղեկի մոտ եղողները նույն իներցիանՙ վայրընթաց շարժման-կործանումի, թե՞ հնարավոր է, որ սթափվեն մի կնոջ ապտակից շառաչուն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4