1970թ. Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլն արժանացավ պետական մրցանակի, ավելի ուշ վերոնշյալ տարածքն իր շինություններով ընդգրկվեց հուշարձանների պահպանության ցանկում: Որպես մեկ միասնական համալիր` Հանրապետության հրապարակը Երեւանի դեմքն ու ամենասիրելի վայրերից է: Ճարտարապետների գնահատմամբ` այն ավարտուն կառույց է եւ արտահայտում է Թամանյանի շունչն ու ոգին: Հանրապետության հրապարակը «ավարտուն» տեսքի բերելու մասին խոսակցությունները սկսվեցին միայն այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երկրորդ անգամ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակվեց Նարեկ Սարգսյանը: Ի թիվս մի շարք արտառոց ծրագրերի, օրինակ, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում 7-հարկանի 4-աստղանի հյուրանոցի կառուցում, Սարգսյանն առաջարկեց Թամանյանի նախագծով եւ էսքիզով գմբեթ կառուցել: 13.000 քմ, 50 մետր բարձրությամբ 13-հարկանի շինության կառուցման համար անհրաժեշտ է 10 միլիոն դոլար: Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, գումարի մի հատվածը պետք է տրամադրվի պետական բյուջեից, մյուսը` մասնավոր ներդրումներով: Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Հանրապետության հրապարակում կառուցվելիք թմբուկի առնչությամբ ճարտարապետների միությունում կազմակերպվեց քննարկում` որին մասնակցում էին ճարտարապետներ, մտավորականներ, բնապահպաններ:
Քննարկմանը քննադատվեց նախագիծը: Թմբուկի կառուցման գաղափարն ու մանրակերտը քննադատեց Թամանյանի թոռը` Ալեքսանդր Թամանյանը : Թեպետ քննարկմանը հրավիրվել էին նաեւ քաղաքապետն ու Երեւանի գլխավոր ճարտարապետը, նրանք մերժեցին հրավերը: Ավելի ուշ, «Ազգ»-ի հարցին, թե ինչո՞ւ քննարկմանը չեն մասնակցել, Նարեկ Սարգսյանն ասաց, որ թմբուկի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում անցկանելը անիմաստ է համարում: Նա օրինակ բերեց ազգային օպերայի շենքը, կառավարության շենքն ու Էյֆելյան աշտարակը, որոնց հասարակությունը դեմ էր, սակայն առանց հանրային քննարկման դրանք կառուցվել են:
Հանրապետության հրապարակում կառուցվելիք թմբուկի հարցը մի քանի օր առաջ եղել է նախագահին կից Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում: Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելության, պահպանության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը սեպտեմբերի 5-ին նիստ է հրավիրել` քննարկելու կառավարության շենքի գլխավերեւում թմբուկի կառուցման հարցը: Նիստին ներկա են գտնվել ենթահանձնաժողովի 29 մասնակիցները, ովքեր միաձայն «ոչ» են ասել թմբուկի կառուցմանը: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի գնահատմամբ` քանի դեռ Ալեքսանդր Թամանյանը կենդանի էր, իրավունք ուներ վերափոխելու իր աշխատանքը, սակայն այսօր Հանրապետության հրապարակն ամբողջությամբ համարվում է պետական հուշարձան, եւ նրան դիպչելու, ձեւախեղելու իրավունք ոչ ոք չունի: ճարտարապետը հավելում է, որ թմբուկի կառուցման հարցը կատարվել է լռելյայն: Մեկ այլ ճարտարապետի` Ռուբեն Հասրաթյանի կարծիքով` կառավարության շենքում թմբուկի գաղափարը վերանայելու դեպքում պետք է վերանայվի Ազգային պատկերասրահի թմբուկի հարցը: «Կառաջանա երկրորդ թմբուկի գոյության խնդիրը: Կստեղծվի մի խառնիճաղանջ պատկեր: Հարցը կմտնի էքսպերիմենտի դաշտ: Բացի դրանիցՙ Հանրապետության հրապարակը Երեւանի թիվ մեկ հուշարձանն է, որ ունի միջազգային ճանաչում: Բիրտ միջամտությունն անթույլատրելի է», ասաց նա երեկ կայացած հանդիպմանը:
Նրա մեկնաբանությամբ` որեւէ միջամտություն պետք է ունենա իր գաղափարախոսությունը: Առանց հիմնավորման անհարկի միջամտությունն էլ հղի է վատ հետեւանքներով: «Հանրապետության հրապարակն ավարտուն տեսք ունի: Սերունդների առջեւ ինչպե՞ս ենք ներկայանալու: Չի կարելի հարցին այդպես թեթեւսոլիկ մոտեցում ցուցաբերել», ասաց Հասրաթյանը: Սաշուր Քալաշյանը թմբուկը կառուցումը դիտում է իբրեւ ազգային մշակույթի կործանում: Նրա գնահատմամբ` մարդիկ ֆինանսական խնդիր են լուծում:
Հասրաթյանի գնահատմամբ` թմբուկի կառուցման նախագիծը գոյություն ուներ միայն Թամանյանի էսքիզներում, սակայն Թամանյանն այն չկառուցեց, եւ Հանրապետության հրապարակն առանց գմբեթի համարվեց պետական հուշարձան:
Քալաշյանն էլ հիշեցնում է, որ որեւէ հուշարձան փոփոխության ենթարկելու համար պետք է առաջնորդվել համապատասխան օրենքով: Անհրաժեշտ է հարցը դնել մասնագիտական քննարկման, եզրակացության գալուց հետո կատարել ուսումնասիրություն եւ նոր միայն հարցին լուծում տալ: Թմբուկի կառուցման դեպքում խախտվել է օրենք: Օրենքը խախտել են պետությունն ու վարչապետը», ասաց նա:
Իրենց մտահոգություններն ու անհանգստությունը ենթահանձնաժողովի անդամներն ուղարկել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, առաջարկությամբ միջոցներ կիրառել թմբուկի կառուցման որոշումը կասեցնելու:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ