Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգեւների են արժանացել նաեւ մի խումբ անվանի մարզիկներ: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային ասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը եւ Վախթանգ Դարչինյանը:
Ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների ու փայլուն նվաճումների համար նույնպիսի մեդալով են պարգեւատրվել «Արարատի» գործադիր տնօրեն եւ գլխավոր մարզիչ Արկադի Գեորգիի Անդրեասյանը եւ «Միկա» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Էդուարդ Արտյոմի Մարգարովը:
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի ամբիոնի վարիչ, «Արարատ-73-ի» ավագ Հովհաննես Զանազանյանին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչում: