«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Ալբենայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի մինչեւ 12 տարեկանների մրցաշարի մասնակից Հայկ Մարտիրոսյանը: Նա 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ բուլղարացի Վլադիմիր Պետրովի հետ գլխավորում է աղյուսակը: Հայկը միակ պարտությունը կրելով 2-րդ տուրում, այնուհետեւ 5 անընդմեջ հաղթանակ է տոնել: Նրա վերջին «զոհը» Յորդեն վան Ֆորեստն էր: Տարիքային այս խմբում 4,5 միավոր է վաստակել Կոնստանտին Յայլոյանը, 4 միավոր ունի Էդուարդ Հարությունյանը:

2-րդ ցուցանիշն ունեն Մանուել Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, որոնք վաստակել են 5,5-ական միավոր: Մանուելը մինչեւ 14 տարեկանների մրցաշարում 3-րդ տեղում է եւ ընդամենը կես միավոր է հետ մնում Կրժիժտոֆ Դուդայից եւ Միխայիլ Անտիպովից: Նա հաղթեց Քրիստիան Հուբերին: Տարիքային այս խմբում 5-ական միավոր ունեն Տիգրան Հարությունյանն ու Կարեն Հովհաննիսյանը:

Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը 5,5-ական միավորով 2-3-րդ տեղերն են բաժանում: Այստեղ առաջատարը 6 միավորով իսպանացի Գուիջարո Անտոնն է: 7-րդ տուրում Գաբուզյանը պարտվեց հենց Անտոնին: Դա հայ շախմատիստի անդրանիկ պարտությունն էր: Իսկ Գրիգորյանը ոչ¬ոքի խաղաց Կոնստանտին Նիկոլոգորսկու հետ:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը վերջին 2 տուրում ընդամենը կես միավոր վաստակեց: 7-րդ տուրում նա անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Անգել Արիբասին: Սամվելն ունի 4,5 միավոր: 5 միավոր է վաստակել Հայկ Վարդանյանը, որը 3 անընդմեջ հաղթանակ է տոնել: Վերջին տուրում նա առավելության հասավ Անտոնիոս Պավլիդիսի նկատմամբ: Տարիքային այս խմբում առաջատարը 6 միավոր ունեցող շվեդ Նիլս Գրանդելիուսն է:

Հայ շախմատիստուհիներից բոլորից հաջողը Մարիա Գեւորգյանի ելույթն է, որը 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Մարիան վերջին 3 տուրերում հաղթեց մրցակիցներին ու տեղափոխվեց առաջատարների խումբ: Նա 2-3-րդ տեղերն է բաժանում ադրբեջանցի Նարմին Կազիմովայի հետ: Առաջատարը մոլդովացի Դիանա Բացիուն է, որն ունի 6 միավոր: 4,5-ական միավոր են վաստակել Մանե Ադամյանը (մինչեւ 10 տարեկաններ) եւ Սոնա Ասատրյանը (մինչեւ 12 տարեկաններ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4