«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՉԵՆ ԱԶԴՈՒՄ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎՐԱ»

«Ռուսաստանը, ինչպես հայտնի է, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Մեկնաբանելով սեպտեմբերի 18-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, Լուկաշեւիչը, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, նշել է. «Գտնում ենք, որ ընտրությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղում չի կարող ազդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա»:

Լուկաշեւիչը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է սերտ փոխգործակցությամբ ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ իր գործընկերներ, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ: Վերահաստատելով Ռուսաստանի աջակցությունը հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներին` տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառմանն ու ժողովուրդների ինքնորոշմանը, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը վստահեցրել է, որ այսուհետեւ էլ Ռուսաստանը շարունակելու է աջակցել «հայկական եւ ադրբեջանական կողմերին` արագորեն ղարաբաղյան հարցի փոխզիջումային հանգուցալուծմանը հասնելու նպատակով»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4