«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ՀԱՍԿԱՆԱԼ ԳՈՒՑԵ ԿԱՐԵԼԻ Է, ԲԱՅՑ...

Ինչո՞ւ ադրբեջանցիները Ղարաբաղի մասին ուզում են միայն վատը լսել եւ կարդալ: Ի՞նչ բարդույթ է դա: Ասենք, Ստեփանակերտ է այցելում որեւէ երկրի լրագրող, տեսնում, որ քաղաքը վերափոխվել է, եւ այդ մասին գրում է: Ադրբեջանական կողմն անպայման բողոքում է: Իհարկե, այն պատճառաբանությամբ, որ «լրագրողը վիրավորել է ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», բայց իրականում կարծես հարեւան երկրին ավելի շատ խոցում է ոչ թե ինքնին փաստը, որ մարդիկ այցելում են Արցախ, այլ որ նրանք լավ տպավորություններով են հեռանում եւ դրանք հայտնում են իրենց ընթերցողներին: Եթե հաջողվեր գտնել վարձահրավիրվածներ, որոնք աչք փակեին իրականության հանդեպ եւ աշխարհով մեկ տարածեին ստահոդ տեղեկություններ, ապա նրանք, անկասկած, «տարածքային ամբողջականության» հանգամանքը կանտեսեին:

Առայժմ դա չի հաջողվում: Դա իհարկե չի նշանակում, թե Բաքուն նման փորձեր չի արել, չի անում եւ չի անելու: Խնդիրն այլ է. Արցախում, իրոք, տպավորիչ առաջընթաց կա: Եվ ադրբեջանական կողմն ամեն անգամ հավասարակշռությունը կորցնում է, երբ այդ մասին բարձրաձայնում են օտարները: Այդ պատճառով էլ Բաքուն ճգնում է պահպանել հավասարակշռությունը. օրերս ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն անստորագիր հարցազրույց է ունեցել «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովի հետ: «ՆԳ»-ին հասկանալ գուցե կարելի է. Բաքվից, անկասկած, խմբագրությանն «ռմբակոծել են» ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախի Հանրապետության հռչակման քսանամյակի առթիվ անցկացրած ծավալուն հարցազրույցի համար եւ «հերքում պահանջել»: Բայց իմաստը ո՞րն է:

Ո՞վ է Բայրամ Սաֆարովը, ու՞մ է ներկայացնում եւ, ամենակարեւորը` ի՞նչ հիմքով եւ իրավունքով: Նա ընտրված դեմք չէ եւ իրավասու չէ խոսելու նախկին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիների անունից: Եվ, առհասարակ, անիմաստ է ադրբեջանական կողմի ճիգը` Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես «երկու հավասարազոր համայնքների հայրենիք»: Նախկին ԼՂԻՄ-ը եղել է հայկական ինքնավարություն: Տարածքի քաղաքական կարգավիճակի որոշման սուբյեկտը նրա հայ բնակչությունն է: Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի դեպքում այդ սուբյեկտն ադրբեջանցիներն են: ԼՂ կարգավիճակի հարցը կապել նաեւ «նրա ադրբեջանցի բնակչության կամարտահայտության» հետՙ նշանակում է նույն իրավունքով օժտել նաեւ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, որոնք, հնարավոր է, բոլորովին էլ համաձայն չեն պետական այն կարգավիճակին, որ ունի այսօրվա Ադրբեջանը:

«Անվերջ ինքնորոշում» լինել չի կարող: Դա աբսուրդ է: ԼՂ անկախությունը օրինաչափություն է: Քանի որ արդեն կայացած-ավարտված փաստ է: Իսկ փաստը տեղեկատվական հնարքներով չի հերքվում: «ՆԳ»-ն կարող էր Բայրամ Սաֆարովին ներկայացնել նրա համար ցանկալի «կարգավիճակով» եւ այդպես էլ վարվել է: Բայց դրանից ոչինչ չի փոխվում. այդ մարդն ընդամենը կրկնում է «հարգարժան նախագահ Իլհամ Ալիեւի» բառերը: Նա սեփական տեսակետ չունի: Չի էլ կարող ունենալ, քանի որ, ինչպես ասվեց, ոչ ոքի չի ներկայացնում: Այսօր չկա նման սուբյեկտ` «ԼՂ ադրբեջանական համայնք», քանի որ դա ընդամենը մի հասարակական կազմակերպության անվանում է:

Քարոզչության իմաստը կարծիք ձեւավորելն է: Այս դեպքում ադրբեջանական կողմը ոչնչի առջեւ կանգ չի առնում, որպեսզի նենգափոխի ԼՂ խնդրի էությունը: Մինչդեռ այն շատ պարզ է: Այնքան, որ Բաքվում նույնիսկ տեղեկատվական մակարդակում ԼՂՀ հիշատակման դեպքում են զգուշանում: Դա երբեմն ծիծաղելի է թվում: Բայց իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմի չափազանց սրված ուշադրությունն ուղիղ համեմատական է դիվանագիտական «ճակատում» նրա կորուստներին:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4