Տարին դեռ չավարտված` Հայաստանի մասին տարբեր զեկույցներ հաջորդում են մեկը մյուսին` կոռուպցիայի ընկալման ինդեքս, զբոսաշրջության, տնտեսական ազատությունների, մրցունակության, ժողովրդավարական հաստատությունների գործառնման, տնտեսական ազատության եւ այլն: Երկրի տարբեր ոլորտներ ու որակներ բնութագրող կամ չափող այդ զեկույցներից որոշներն առաջընթաց են գրանցում, մյուսները` հետընթաց, բայց վերջնական հաշվով Հայաստանը, կարելի է ասել, «կայուն ոչ գրավիչ» դիրքերում է` համեմատած, օրինակ, հարեւան Վրաստանի հետ:
Այն դեպքում, երբ Վրաստանը դիրքային առավելություններ ունի, այդուհանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծված վիճակը բնութագրվում է լրացուցիչ գործոններով, որոնք դարձել են հետընթացի պատճառներ: Այդ հարցում կարծես թե վերլուծաբանների կարծիքը համընկնում է. Հայաստանի զարգացման հիմնական «հիվանդությունը» երկրի տնտեսության օլիգոպոլ կառուցվածքն է եւ տնտեսության մենաշնորհային վիճակը:
Այդ հիվանդության համար յուրահատուկ «կատալիզատորի» դերակատարություն է ունենում օրենսդիր մարմինը, որտեղ ոչ միայն օլիգարխներ կան, այլեւ նրանք «ամրանում», քաղաքականապես ավելի են պնդանում: Ազգային ժողովն էլ, հար եւ միշտ մնալով անդեմ ու անպատասխանատու, չի կարող օլիգոպոլիաների ու մենաշնորհների վերացման շարժառիթ ունենալ. ինքն իր անդամների դեմ հո չի՞ պայքարելու...
«Համաշխարհային մրցունակության ինդեքս-2011-2012» զեկույցն, օրինակ, նշում է, որ Հայաստանը էապես զիջում է տեղական մրցակցության ուժգնության, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության, շուկայում գերիշխող խմբերի առկայության, մաքսային գործընթացների բեռի, բիզնես կրթության ոլորտներում: Սրանք, գրեթե ամբողջությամբ, կարելի է խմբավորել մի հասկացության տակ` օլիգոպոլիա, որը կամ պատճառ է, կամ առիթ խնդիրների մեծ մասի պարագայում:
Oլիգոպոլիայի, անգամ եթե այն բնական է ու այլընտրանք չունեցող, բացասական դրսեւորումներից առաջնայինը գերշահույթներն են, որոնցից հարկերը «նորմալ» չեն գանձվում, այդպես էլ չգտնելով պետական բյուջե ճանապարհը, այլ, մնալով «ստվերում» կամ մի քիչ բացահայտ` հայտնվում են որոշ, խիստ սահմանափակ թվով գրպաններում:
Պետությունում չվերահսկվող գումարների «շրջապտույտների» դեպքում էլ ստացվում է մի վիճակ, երբ օրենսդիրի հետ իշխանություն կազմող գործադիրը հարկահավաքման խնդրանք-պահանջով դիմում է մյուս գերատեսչություններին, իսկ գլխավոր հարկահավաքը չի ժխտում, թե կարգին միջոցներ է տնօրինում:
Զարմանալի չէ, որ Հայաստանում խնդիր է նաեւ մամուլի բազմակարծությունը, որի մասին նշվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնման մասին զեկույցի հիման վրա բանաձեւի նախագծում: Բազմակարծություն ապահովող իրական քննադատության փոխարեն, որոշ ԶԼՄ-ներ, ըստ տեղեկությունների, վերջերս միանգամից ու մի քանիսով են դարձել մի քանի անձանց սեփականություն` մենաշնորհների ու օլիգարխների մասին «գրելու» որոշակի «շահութաբեր» պարբերականություն մշակելով, միեւնույն ժամանակ, առավել հաճախ թիրախ ընտրելով երրորդական, չորրորդական հարցերը ու դրանք որպես ամենակարեւոր մատուցելով:
Օլիգարխներով իրականությունն ու մենաշնորհներով խեղդվող մրցակցությունը, Ազգային ժողովի յուրատեսակ անդեմությունն էլ հետը կրկնակի են կարեւորում այն, ինչով ազգովին անցնելու ենք արդեն հաջորդ տարի: Խոսքը գալիք խորհրդարանական ընտրություններին է վերաբերում, որոնց նախորդ փորձի արդյունքում հայրենի Ազգային ժողովը դարձել է երկրի այն եզակի աշխատավայրը, որտեղ աշխատում են չաշխատել:
Ընտրությունները պետք է կարեւորվեն առավելագույնս, երբ երկրում պարապ խորհրդարան է, բավականին կոռումպացված դատական համակարգ եւ գործադիր իշխանություն, որը պետք է համակարգային փոփոխություններ իրականացնի ոչ պրոֆեսիոնալ օրենսդրության եւ օրենսդրության նույնչափ ոչ պրոֆեսիոնալ կիրարկման իրավիճակում:
Իրավիճակը փոխելու ցանկություն, գոնե հրապարակայնորեն, արտահայտվում է, թե պետք է ձերբազատվել մենաշնորհներից ու տնտեսական համակարգը քայքայող մենտալիտետից, պետք է իշխանություն-ընդդիմություն երկխոսություն, մամուլի ազատություն ու դատարանների անկախություն: Ցանկությունը պետք է, բայց այն բավարար չէ արդյունավետ աշխատելու համար: Կամք, այն էլ քաղաքական, դրսեւորելու մասին էլ այնքան է խոսվել, որ կրկնությունը կարող է բթացնել:
Ուրեմն գոնե պետք է գա մի պահ, երբ շաքարի թանկացումից, բենզինի գների անհասկանալի վայրիվերումներից, ալյուր ու ձեթ, կապ ու էլ չգիտես ինչ ներմուծելու անհնարինությունից, մաքսային-հարկային «քաոսից», օրենքների նախագծերին անտեղյակ կոճակ սեղմողներից, ներկա, նախկին ու անգամ ապագա իշխանություններից բոլոր դժգոհողները լավ կմտածեն` մինչեւ կլրացնեն իրենց քվեաթերթիկը: Գլխավոր որոշում ընդունողներն, այս պարագայում, ամենաշատ մտածելիքն ունեն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ