Սեպտեմբերի 21-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկա է գտնվել հայոց անկախ պետականության քսանամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Հանրապետության հրապարակում կազմակերպված զորահանդես-շքերթին: Զորահանդեսից հետո ԱԱԽ քարտուղարն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ, ինչպես մյուս մարզերում, կազմակերպվել էին տոնական միջոցառումներ եւ համերգներ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Արմավիր քաղաքի հուշահամալիրում ծաղիկներ է դրել արցախյան հերոսամարտի զոհերի շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետեւ նա մասնակցել է անկախության քսանամյակի պաշտոնական միջոցառումների շրջանակներում անցկացվող հանդիսավոր նիստին, որտեղ ներկա էին Արմավիրի մարզպետը, քաղաքապետը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ եւ հյուրեր: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանն ասել է. «Թույլ տվեք ջերմորեն շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Քսան տարի առաջ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը բացեց իր պատմության նոր էջը: Կատարելով ազատության, անկախության ու ժողովրդավարության մեր ընտրությունը` մենք ազգովին լծվեցինք Հայոց պետականության վերակերտման դժվարին ու սրբազան գործին: Հայոց պետականությունը առաջին հերթին հայ ժողովրդի ինքնադրսեւորման գրավականն է` նրա մտքի, ոգու, ձեռներեցության բացահայտման ու արտահայտման միջոցը: Ես վստահ եմ, որ Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին: Այդ հետահայացը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է:
Այսօր յուրաքանչյուրիս համար նաեւ հպարտության օր է: Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել, ամրապնդել ու զարգացնել, ամեն օր անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը` անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն: Իմ առանձին շնորհավորանքն եմ ուզում հղել մեր երիտասարդներին, մեր զավակներին, ում անվանում են «անկախության սերունդ», ում բախտ է վիճակվել ծնվել Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետությունում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ, մեր երկրին ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, ամենայն բարիք ու համազգային նպատակների իրականացում»:
Միջոցառման ավարտին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ նախագահի անունից պետական մեդալներ է հանձնել մարզի տարբեր ոլորտների մի շարք ներկայացուցիչների: